Արաբական ծով է ուղևորվում ամերիկյան ավիակիրների երկրորդ խումբը

ԱՄՆ ՌԾՈւ-ի ավիակիների հարվածայի խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ մուտք է գործել Հնդկական օվկիանոս և ուղևորվում է Արաբական ծով: Vesti.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ-ի կենտրոնական հրամանատարությունը: Այս պահին Արաբական ծովում է գտնվում ամերիկյան մեկ այլ ավիակիրների խումբ՝ «Ջոն Սթենիսի» գլխավորությամբ: Գտնվելով ԱՄՆ ՌԾՈւ-ի 5-րդ գործառնական նավատորմի գործունեության գոտում՝ ավիակիրների խումբը կաջակցի Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերին, կմասնակցի վարժանքներին և համատեղ գործողություններին:

Բացի այդ, ավիակիրների խումբը Իրանի ափերի մոտ կզբաղվի տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովմամբ: Ավիակիր խմբում ներառված է 90 ինքնաթիռ և ուղղաթիռ, հրթիռային հածանավ «Բենկեր Հիլը» և հրթիռային էսմինեց (ականակիր նավ) «Հելսին»:

Ավիակիրների խումբը ղեկավարող կոնտր-ադմիրալ Թոմաս Շեննոն հայտարարել է, որ իրենք կհամագործակցեն իրենց գործընկերների հետ՝ տարածաշրջանում կայունության պահպան համար:

Ավիակիրների այս խումբը Կալիֆորնիայից դուրս է եկել 2011թ. նոյեմբերի 30-ին: 3 օր Հոնկոնգում կանգ առնելուց հետո խումբն ուղևորվել է Հնդկական օվկիանոս:

Vesti.ru-ն չի բացառում, որ «Կառլ Վինսոն»-ը գնում է Արաբական ծով՝ «Ջոն Սթենիսին» փոխարինելու, որի՝ Արաբական ծովում և Պարսից ծոցում գտնվելու ժամկետը սպառվում է:

«Ջոն Սթենիսը» այդ ջրերում է հուլիսի 25-ից՝ յոթամսյա ժամկետով: Նրա պարտականությունների մեջ էր մտնում՝ Իրաքում գտնվող ամերիկյան զորքերին ավիաաջակցության ցուցաբերումը:  Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո դեկտեմբերի 18-ից «Ջոն Սթենիսն»՝ անցնելով Հորմուզյան նեղուցով՝ մտել է Արաբական ծով և մինչ օրս այնտեղ է:

Մինչ այդ Պարսից ծոցում էր գտնվում ավիակիրների խումբը՝ «Ջորջ Բուշ» ավիակրի գլխավորությամբ, որն այս պահին տեղակայված է ԱՄՆ Վիրջինիա նահանգում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *