Ադրբեջանի ՊՆ-ն թերթից 127 հազար դոլար փոխհատուցում է պահանջում

Օգոստոսի 1-ին Ադրբեջանի Յասամալի շրջանի դատարանում կայացել է «Ազադլըգ» («Ազատություն») պարբերականի ու դրա աշխատակից Խագանի Ալիևի գործով դատական նիստը։

Նշենք, որ ընթացիկ տարվա մարտի 20-ին «Ազադլըգ» թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակվել էր «Բանակ, թե՞ սպանդանոց» խորագրով հոդվածը, որտեղ անդրադարձ էր կատարվել բարձրաստիճան զինվորականների շրջանում կոռուպցիայի դեպքերին և բանակում առկա այլ արատների։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դա համարել էր ապատեղեկատվություն և զրպարտություն՝ հայց ներկայացնելով թե´ հոդվածագիր Ալիևի, թե´ «Ազադլըգ» պարբերականի դեմ ու նրանցից պահանջելով մոտ 127 հազար ԱՄՆ դոլար (100 հազար ադրբեջանական մանաթ) փոխհատուցում։

Հայտնի է, որ օգոստոսի 1-ին կայացած դատական նիստի ժամանակ հոդվածագիրը բոլոր մեղադրանքներն անհիմն է համարել՝ վկայելով, որ զինվորականների շրջանում կաշառակերության բարձր աստիճանի մասին փաստերը հիմնված են ոչ միայն սեփական հետաքննության, այլև միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր փորձագետների տվյալների վրա։

Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլի 30-ին կայացել էր այս գործով առաջին նիստը, որի ժամանակ մեղադրող կողմը խոսել էր «Ազադլըգ»-ի հոդվածի մասին՝ այլ անվանելով «զրպարտիչ ու իրականությանը չհամապատասխանող»։

Բացի այդ, ԱՀ պաշտպանության նախարարությունը 2007-ին կրկին դատական հայց էր ներկայացրել «Ազադլըգ»-ի և վերջինիս խմբագիր Ազեր Ահմեդովի դեմ՝ փետրվարի 14-ին հրապարակած նյութի համար։ Հոդվածում փաստերով և վկայություններով ապացուցվում էր՝ Ադրբեջանի ՊՆ-ն մատչելի գներով Ուկրաինայից անհայտ ծագման միս է գնել՝ զինվորներին կերակրելու նպատակով։ Կայացած դատավճռի համաձայն՝ «Ազադլըգ»-ը պետք է 25 հազար ԱՄՆ դոլար գումար վճարեր  որպես փոխհատուցում։ Սակայն Ահմեդովը հրաժարվել էր դա անել ու դիմել էր վերաքննիչ դատարան։

Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունն ու մի շարք գերատեսչություններ բազմիցս դատական հայցեր են ներկայացրել «Ազադլըգ»-ի դեմ, քանի որ վերջինս աչքի է ընկնում համեմատաբար անկողմնակալ լրատվությամբ։ Վերջին աղմկահարույց պատմությունը կապված էր 2012-ին Իլհամ Ալիևի՝ 800 հազար ԱՄՆ դոլար արժեցող ժամացույցի հետ։ Նախագահի մամուլի ծառայությունը պնդում էր, որպեսզի թերթը հեռացնի այդ հրապարակումը, փոխարենը «Ազադլըգ»-ը ներկայացրեց ժամացույցի խոշոր չափերի լուսանկարը, որտեղ երևում էր՝ այն Blancpain 1735 մոդելն է, և իրականում էլ արժի 800 հազար դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *