Հրթիռակոծվել են Լիբանանի նախագահական նստավայրն ու ՊՆ շենքը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, հայտնի է դարձել, որ անհայտ անձինք հրթիռակոծել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու տեղակայված Բաաբդա արվարձանը, որտեղ նախագահական նստավայրը, ՊՆ և ԶՈւ ԳՇ շենքերն են։

Լիբանան

Համաձայն Naharnet լրատվական գործակալության՝ արձակված հրթիռներից մեկն ընկել է նախագահական նստավայրից 100 մ հեռավորության վրա, մյուս երկուսը՝ ՊՆ-ի շենքին բավականին մոտ։ Հրթիռներից մեկը պայթել է Սաուդյան Արաբիայի դեսպանի առանձնատան մոտ։
Հաստատվել է, որ հրթիռներն արձակվել են լեռնային Ջհուր-Արամուն շրջանից։ ՊՆ և ԳՇ աղբյուրների վկայությամբ՝ քաղաքացիների և զինվորականների շարքում տուժածներ չկան։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ հրթիռներ են արձակվում Լիբանանի մայրաքաղաքի հարավ-արևելյան և հարավային արվարձանների ուղղությամբ։ Ընթացիկ տարվա մայիսի 26-ին Շիահ թաղամասում գրանցվել է հրթիռի պայթյուն, ինչի պատճառով 5 մարդ է վիրավորվել։

Հավելենք, որ տեղական մամուլում տեսակետներ են հնչել՝ հրթիռների արձակումը կապված է հարևան Սիրիայի ներքին հակամարտության սրացման հետ։

Օգոստոսի 1-ին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն ազգային բանակի օրվա կապակցությամբ անցկացվող ռազմական շքերթի ժամանակ հայտարարել է, որ «անթույլատրելի է Լիբանանի այս կամ այն չափով միջամտությունը Սիրիայի ներքին հակամարտությանը»։ Սուլեյմանը նաև շեշտել է. «Լիբանանի քաղաքացիների արյունը չպետք է թափվի մեր երկրի սահմաններից դուրս»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *