Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին կրկին միջադեպ է գրանցվել։ Հուլիսի 31-ի երեկոյան սիրիական կողմից կրակ է արձակվել, որից հետո Թուրքիան պատասխան կրակ է բացել։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ Թուրքիայի ուղղությամբ Սիրիայի տարածքի կրակ է արձակվել տեղի ժամանակով 20։20-ի սահմաններում, երբ նշվում է իֆթարի սկիզբը (մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ժամանակ մատուցվող ընթրիքը)։
Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիայի Ջեյլանփընար շրջանի ուղղությամբ 25 կրակոց է հնչել։ Կրակոցներից մի քանիսը եղել են նաև լայն տրամաչափի զենքից։ Թուրքիան պատասխան կրակ է բացել. տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդում։
Նշենք, որ թուրք-սիրիական սահմանի այս հատվածում վերջին շաբաթներին մարտեր են ընթանում քրդական ուժերի (PYD) և սիրիացի ապստամբներին հարող «Նուսրայի ճակատ» խմբավորման միջև։ Այս ընթացքում փոխհրաձգության դեպքեր են լինում նաև Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանային հատվածում։