Բանակը հիանալի դաս է ամբողջ կյանքի համար. Գոռ Վարդանյան

Ռազմինֆոն ներկայացնում է հարցազրույցների շարք զորացրված երիտասարդների հետ։ Մեր այսօրվա զրուցակիցը երևանցի Գոռ Վադանյանն է։ Նա ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժնի մագիստրատուրան։

Գոռ Վարդանյան

Գոռ Վարդանյան

—Բանակային կարգուկանոնից կամ միգուցե ավանդույթներից ի՞նչը կուզենայիք մտներ մեր քաղաքացիական կյանք:

Թեև մեր այժմյան բանակը միայն տղամարդկանցից բաղկացած կառույց չէ, սակայն իր էությամբ այն շարունակում է մնալ այդպիսին: Հետևաբար այն խորթ կլիներ քաղաքացիական հասարակությանը, որովհետև միայն տղամարդկանցից կազմված կառույցում կարգուկանոնը այլ կերպ է հաստատվում, խնդիրներն էլ այլ կերպ են լուծվում: Բայց կցանկանայի, որ քաղաքացիական կյանքում էլ մարդիկ լինեն իրար նկատմամբ ավելի սրտացավ, ինչպես բանակում հասարակ տղաները, երբ գիտակցում են, որ կապված են իրար հետ ու գտնվում են նույն պայմաններում:

—Բանակը որոշակիորեն կրթում ու վերափոխում է: Երկու տարի անց, Ձեզ մոտ ինքներդ ի՞նչ փոփոխություններ եք նկատում:

Կարծում եմ` բանակը ընդունակ չէ մարդուն փոխելու: Եթե մի բան իր ներսում չկա, չի էլ հայտնվի: Ծառայությունը ձգում է տղամարդուն, իրեն դարձնում ավելի ինքնուրույն, պատասխանատու, հավասարակշռված ու իր ուժերն ավելի լավ ճանաչող:

—Իսկ չկա՞ն հատկանիշներ, որ թողել եք բանակում և, ընդհակառակը, այնտեղից ինչ-որ նոր բան բերել Ձեզ հետ:

Այո՛, կան: Այնտեղ ես թողել եմ կասկածամտությունը, անվստահությունը սեփական ուժերի հանդեպ, շատ կարծրատիպեր և այլ նման բաներ, որ խանգարում են ապրել լիարժեք կյանքով: Փոխարենը ես ձեռք եմ բերել գիտակցություն, որ ոչինչ պատահաբար չի լինում ու չի մնում անպատիժ, որ ճիշտ է միշտ հիմնվել սեփական ուժերի վրա և հարցերը լուծել ինքնուրույն, լինել համբերատար ու երբեք մարդկանց չդատել միայն առաջին հայացքից:

—Բանակում Ձեզ հանդիպած ամենամեծ դժվարությունը ո՞րն է եղել:

Շփումը: Եթե բանակում չլինեն այնպիսի տղաներ, որոնց հետ մարդը կարող է շփվել ու խոսել ամենատարբեր թեմաներով, նրա համար անչափ բարդ կլինի:

—Այսինքն` Դուք Ձեր մտածելակերպին հարմար մարդ չէի՞ք գտնում, որ շփվեք:

Սկզբում այո՛, սակայն հետո հայտնվեցին տղաներ, որոնց հետ ես ունեի ընդհանուր հետաքրքրություններ ու հայացքներ: Ժամանակի ընթացքում դա վերածվեց ընկերության, և մեր կապն այժմ էլ պահպանվում է:

—Մինչև բանակ գնալը կա՞ր վախի զգացում:

Ռուսներն այսպիսի խոսք ունեն «Սատանան այնքան սարսափելի չէ, որքան իրեն նկարագրում են»: Նույնը կարելի է ասել մեր բանակի վերաբերյալ: Տղայի կյանքում դա հիմնականում առաջին լուրջ փորձությունն է: Նա մնում է մենակ` առանց ծնողների ու իրեն հարազատ շրջապատի, ու քանի որ դեռ իրեն լիովին չի ճանաչում, վստահ չէ, թե ինչպես պետք է դրսևորել նոր պայմաններում: Հայտնվելով բանակային պատերից ներս ու որոշ ժամանակ մնալով այնտեղ՝ հասկանում է, որ եթե նա իրեն ազնիվ ու արդար է դրսևորում, թույլ չի տալիս անպատասխանատու արարքներ, միշտ էլ կհարգեն ու հաշվի կնստեն իր հետ:

—Բայց Դուք ինչի՞ց էիք «վախենում»:

Վախ կար, որ լեզու չեմ գտնի ինձ հետ ծառայող տղաների հետ, որոնք տարիքով փոքր են ինձնից, որոնց հետ ես հիմնականում չեմ ունենա ընդհանուր թեմաներ, որոնք ստացել են այլ դաստիարակություն ու կրթություն:

—Ըստ Ձեզ` մեծ տարիքում բանակ գնալը առավելությո՞ւն, թե՞ թերություն է: (Գոռը բանակ է զորակոչվել 23 տարեկանում- Ռազմինֆո)

Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Զինվորները տեսնելով, որ իրենց առջև կանգնած է տարիքով ու բարձրագույն կրթություն ստացած տղա, ավելի լուրջ են վերաբերում իրեն, թույլ չեն տալիս թեթև արարքներ ու կատակներ, նույնը կարելի է ասել նաև սպաների մասին: Սակայն հիմնականում դա կախված է անհատից՝ անկախ իր տարիքից ու կրթությունից, եթե նա իրեն ճիշտ դրսևորեց, կարժանանա հարգանքի ու քիչ խնդիրների կհանդիպի ծառայության ընթացքում:

—Երկու տարի առաջ, ինչպե՞ս ընդունեցիք այն լուրը, որ ամեն դեպքում ծառայելու եք:

Դա տեղի ունեցավ զորակոչի հենց վերջին օրը՝ հունիսի 30-ին: Ես չգիտեի, որ զորակոչվելու եմ: Կանչեցին զինկոմիսարիատ ու մյուս տղաների հետ տարան բուժզննման: Այնտեղ 4 ժամ մնալուց հետո նոր ասացին, որ բանակ եմ գնալու: Այդ լուրն ընդունեցի հանգիստ: Երևի, ես ինքս արդեն ցանկանում էի գնալ բանակ ու վերջապես լուծեի այդ հարցը:

—Իսկ ընտանիքում արդյո՞ք պատրաստ էին հանկարծակի լսել այդ լուրը:

Այդ տեսակ լուրերին ինչքան ել պատրաստ լինեն ընտանիքում, ամեն դեպքում անակնկալի են գալիս` իմանալով, որ իրենց տղան բանակ է գնում: Իմ ընտանիքն էլ բացառություն չէր: Կար և՛ հուզմունք, և՛ արցունքներ ու էլի նման բաներ:

—Բավական մեծ տարիքում եք գնացել բանակ, արդյո՞ք հոգեբանական խնդիր չառաջացավ:

Չէի ասի, թե խնդիրներ առաջացան, սակայն սկզբում բավականին դժվար եր: Հետո ստեղծվեցին իրավիճակներ, երբ արդեն ակնհայտ դարձավ զինակիցների համար, թե ես ինչ տեսակ մարդ եմ ու հակառակը: Դրանից հետո ոմանց հետ շփումը սահմանափակվեց ու խնդիրներն էլ, բնականաբար, վերացան:

—Բանակում ի՞նչը կուզենայիք վերանար:

Երբ մի զինվոր թերանում է, սպան կամ էլ այլ անձ, ով պատասխանատու է այդ և ուրիշ զինվորների համար, պատժում է ոչ միայն այդ զինվորին, այլ նաև մնացածին: Երբեմն էլ պատժում է բոլորին, բացի հենց այդ զինվորից, ցանկանալով, որ առաջանան կռիվներ տղաների միջև` ուրիշի պատճառով պատիժ կրելու համար:
Բանակում կցանկանայի, որ վերանար մարդկանց իրար դեմ հանելը: Երբ սպան կամ այլ զինծառայող ցանկանում է կռիվ գցել զինվորների միջև՝ դա հիմնավորելով ընդհանուր պատասխանատվության զգացումի բացակայության խնդրով:

—Կհիշե՞ք զինվորական առաջին օրը:

Երբ մեզ բերեցին զորամաս, արդեն գիշերվա ժամը 4-ն էր: Թեթևակի տեսա զորանոցը ու պառկեցի քնելու: Չնայած, որ շատ հոգնած էի, քունս չէր տանում, մտքերով չգիտեմ` ուր էի: Հետո աննկատ քնեցի ու զարթնեցի արդեն բանակային վերկացով` առավոտյան ժամը 6:30-ին: Մնացածը՝ ինչպես ուրիշների մոտ:

—Արդյո՞ք ամեն ինչ համապատասխանում էր Ձեր պատկերացումներին, թե՞ տարբերությունը մեծ էր:

Հիմնականում համապատասխանում էր` անձնակազմից ու զրույցներից մինչև ճաշարան:

—Սնունդից գո՞հ էիք:

Այդքան էլ չէ, սակայն ավելի վատ էլ է լինում:

—Բանակում ինչի՞ կարիք էիք զգում:

Երբ ծառայում ես, թվում է, թե շատ բանից զրկված ես: Իրականում այդպես չէ: Ինչի կարիքը ես զգում էի իմ ընտանիքն ու ընկերներն էին, իսկ այստեղ զգում եմ այն ժամանակի կարիքը, որ ինձ տվել էր ծառայությունը: Այնտեղ ես կտրված էի աշխարհից, ինչպես անմարդաբնակ կղզու վրա, ունեի ժամանակ անցյալի ու ապագայի մասին մտածելու համար, իսկ այստեղ այդ ժամանակը չկա:

—Իսկ ի՞նչն էիք կարոտում:

Հարազատներիս, տնական ուտելիքը, սեփական մահճակալը, հանգիստ քունը մինչև ժամը 9 կամ 10-ը:

—Եթե հնարավորություն ունենայիք բանակում չծառայելու, կհամաձայնեի՞ք:

Երկու տարի առաջ կար այդպիսի հնարավորություն, բայց որոշեցի գնալ բանակ: Կարծիքս չեմ փոխել. դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից էր:

—Ըստ Ձեզ` ո՞րն է բանակի դերը տղայի կյանքում:

Տղան բանակում ճանաչում է աշխարհը ու առաջին հերթին ինքն իրեն, զգում իր ուժերը ու տեսնում, թե որտեղ են սպառվում իր հնարավորությունները: Նա սովորում է ապրել միայնակ ու ինքնուրույն պատասխան տալ իր արարքների համար, գնահատել ճիշտը, արժեքավորել կարևորագույնն ու բաց թողնել մնացած անպետքը: Դա հիանալի դաս է ամբողջ կյանքի համար, ուղղակի պետք է կարողանալ այդ դասը քաղել:

—Ի՞նչ կարծիք ունեք աղջիկերի ծառայության մասին:

Գուցե աղջիկների համար էլ ծառայությունը նույնքան օգտակար լինի, ինչպես տղաների: Հաստատ չգիտեմ ու չեմ էլ կարող պատկերացնել:

—Ձեզ պայմանագրային զինծառայության ոլորտում պատկերացնո՞ւմ եք:

Չէ, ես իմ դասն արդեն յուրացրել եմ:

—Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել ծառայությունից հետո: Ինչպե՞ս եք նորից կյանքի ռիթմին հարմարվում:

Արդեն գրեթե հարմարվել եմ: Աշխատում եմ ու սեպտեմբերից պատրաստվում եմ վերականգնել ուսումս:

—Բանակում ազատ ժամանակ ինչո՞վ էիք զբաղվում:

Ինքնակրթությամբ հիմնականում: Գրքեր էի կարդում, դիտում հետաքրքիր հաղորդումներ հեռուստացույցով, ընկերներիս հետ զրուցում տարբեր հետաքրքիր թեմաներով:

—Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, ովքեր բանակ են գնալու:

Չվախենալ ու չփորձել ձևացնել թե այլ մարդ են, լինել ազնիվ ու միշտ իրենց հետ տանեն լավ հիշողություններ անցյալից, դրանք շատ պետք կգան:

Զրուցեց Հասմիկ Մելիքսեթյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *