Հուլիսի 22-ին Տավուշի մարզի Դովեղ գյուղում հրդեհ է բռնկվել։ Այրվել են գյուղի խաղողի այգիները, խոտհարքը, չօգտագործվող տարածքները, ընդհանուր առմամբ՝ մոտ 100 հա։
Ռազմինֆոյի հետ զրույցում Դովեղի գյուղապետարանի հաշվապահ Ռուդիկ Ամիրխանյանը նշեց, որ դեպքը եղել է կեսօրից հետո՝ ժամը 16։00-ի հատվածում։
Ըստ Ամիրխանյանի՝ կրակը տարածվել է ադրբեջանական կողմից։ Գյուղացիները զանգահարել են հրշեջ ծառայություն, քանի որ կրակը միայնակ մարել չէին կարող։
«Հրշեջ ծառայությունը ժամանակին հասավ, բայց չէր կարող այգի մտնել՝ ուղիղ նշանառության տակ էր։ Հնարավորության սահմաններում աշխատեցին։ Նույնիսկ մեր զինվորներն էին եկել մեզ օգնության։ Շնորհակալ ենք բոլորին»,-նշեց Ամիրխանյանը։
Նշենք, որ հրշեջների և գյուղացիների աշխատանքի ժամանակ հակառակորդը չի դադարեցրել կրակել։
«Կրակոցների տակ հրդեհ էինք հանգցնում»,- ասաց Ռուդիկ Ամիրխանյանը։