Թուրք-սիրիական սահմանին՝ կրկին միջադեպեր

Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին հերթական փոխհրաձգության դեպքն է արձանագրվել, ինչի հետևանքով սիրիական կողմից մեկ մարդ է զոհվել։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 22-ին կեսօրից հետո Սիրիայի տարածքից 8 հոգանոց զինված խումբը փորձել է անցնել Թուրքիայի տարածք։

Այս ընթացքում թուրքական կողմը նրանց վրա կրակ է արձակել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Փոխհրաձգության ընթացքում սիրիական կողմից մեկ մարդ է մահացել։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թուրքիայի ԳՇՊ-ի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին նախօրեին ևս մեկ դեպք է արձանագրվել։ Մասնավորապես, 800-1000 հոգանոց խումբը Սիրիայից փորձել է մտնել Թուրքիայի տարածք, սակայն թուրք զինծառայողներն արգելել են նրանց մուտքը։

Խումբը շուրջ 3,5 ժամ փորձել է անցնել Թուրքիայի տարածք։ Թուրքերը դեպի օդ կրակոցներ են արձակել, ինչպես նաև դիմել արցունքաբեր գազի օգնությանը և կիրառել զրահամեքենաներ։

Նշենք, որ վերջին օրերին թուրք-սիրիական սահմանին զգալի ավելացել են միջադեպերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *