Մալթայի զինված ուժերը պայմանագիր է կնքել մեկ միավոր AgustaWestland AW139 ուղղաթիռ ձեռք բերելու վերաբերյալ և պատրաստվում է հետագայում գնել ևս երկուսը, տեղեկանում ենք իտալական ընկերության պաշտոնական հաղորդագրությունից։
Մալթան ուղղաթիռը ձեռք է բերում ափամերձ հատվածների հսկողության, ինչպես նաև փրկարարաորոնողական աշխատանքների համար։ Սպասվում է, որ AW139 ուղղաթիռը Մալթային կփոխանցվի մինչ 2014 թվականի հունիս ամիսը։
Մյուս ուղղաթիռները նախատեսվում է ձեռք բերել 2015 թվականին։ Գործարքի արժեքի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է նաև, որ պայմանագրով AgustaWestland-ը պետք է ուղղաթիռը վարելու համար պատրաստի 10 օդաչուի և 20 տեխնիկի՝ սպասարկման համար։
Նշենք, որ իտալական AgustaWestland ընկերության մշակած ուղևորատար AW139 ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 2001 թվականին։ Բազմաֆունկցիոնալկ ուղղաթիռն ունի երկու շարժիչ և կարող է տեղափոխել մինչև 12 ուղևոր։
Մեկ միավորի մոտավոր արժեքն է 21 մլն դոլար։ Ունի ինչպես քաղաքացիական, այնպես էլ մարտական տարբերակ։
Մալթայի համար նախատեսված տարբերակը հագեցած է լինելու օդերևութաբանական սարքով, FLIR համակարգով, հատուկ ռադարներով, արբանյակային կապի հնարավորությամբ և այլ սարքերով։