Հնդկաստանի կառավարության նախարարների խորհրդի անվտանգության գծով հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 18-ին, հավանություն է տվել ևս 50 հազար զինվորների փոխադրմանն առաջնագիծ՝ Չինաստանի հետ սահման։
Հնդկաստանի իշխանություններն այս ամենի համար նախատեսել են ծախսել 10 մլրդ դոլար։ Զորքերը կուղարկվեն Արևմտյան Բենգալ, Բիհար, Ասսամ, Ջամու և Քաշմիր նահանգներ։
Բացի այդ, հայտնի է նաև, որ սահման են տեղափոխվելու ռազմափոխադրիչ C-130 /C-130J Super Hercules ինքնաթիռներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի նշված քայլերն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ Հնդկաստան-Չինաստան փոխհարաբերություններում առավել խնդրահարույց է հենց սահմանի հարցը։ Ընթացիկ տարվա ապրիլին վիճելի սահմանային տարածքում գրանցվեց հերթական բախումն այն բանից հետո, երբ ապրիլի 15-ին չինացի զինվորականները ներխուժեցին Լադակհ շրջանի հնդկական տարածքներ և ուղղաթիռների աջակցության շնորհիվ այնտեղ ռազմական վրանային ճամբար հիմնեցին։ Բանակցությունների շարքից հետո կողմերը համաձայնության եկան հետ քաշել զորքերը նախնական կետեր՝ պահպանելով ստատուս-քվոն։
Հավելենք, որ շփման գիծն ունի մոտ 4 հազար կմ երկարություն։ Դեռևս 1996-ին կողմերը ստորագրել են համաձայնագիր, որը կետերից մեկում ասվում է. «Կողմերից և ոչ մեկը երբևէ իրավասություն չի ունենալու փոխել շփման գիծը կամ վերանայել այն»։