Օրվա ամփոփում. Վրաստանը հստակեցնում է հարևան երկրների նշանակությունն իր համար: Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

Մինչև հունվարի 1-ը ԵվրոՀՀՊ ռադարը կտեղակայվի Թուրքիայում: Վրաստանի Ազգային անվտանգության ռազմավարության հաստատված փաստաթղթով կատարվել է «դերաբաշխում», թե հարևան երկրներից յուրաքանչյուրն ով է և ինչ նշանակություն ունի Վրաստանի համար: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն անցնող տարին համարել է կարևոր ձեռքբերումների տարի: Իրանի ռազմածովային ուժերը մասշտաբային զորավարժանքներ են անցկացնում Հնդկական օվկիանոսում:

  1. News.am-ը՝ հղում անելով  MIGnews-ին, հայտնում է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի հավաստիացումը, որ մինչև հունվար ԵվրոՀՀՊ ռադարը կտեղակայվի Թուրքիայում: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անհանգստություն էր հայտնել, որ Թուրքիայում տեղակայվելիք՝ ՆԱՏՕ-ի՝ վերոնշյալ ռադիոտեղորոշիչ համակարգը վերահսկելու է Ռուսաստանի տարածքի զգալի մասը:
  2. Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ին հաստատել է երկրի Ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները որակված են սերտ գործակցություն, իսկ Ադրբեջանի հետ՝ ռազմավարական համագործակցություն և շեշտվում է, որ Թբիլիսին երկու երկրների հետ ունի ավանդական բարիդրացիական հարաբերություններ:
  3. Վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերանշյալ փասաթղթին, ասել է. «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի ռազմավարական գործընկերը: Քանի դեռ Վրաստանում Ռուսաստանն ընկալվում է  որպես թշնամի,  խոսք անգամ լինել չի կարող Հայաստանի ռազմավարական գործընկերության մասին»:
  4. Ամփոփելով անցնող 2011թ.՝ ռազմական փորձագետ Արծրում Հովհաննիսյանը նշել  է այս տարվա ձեռքբերումներն ու անհաջողությունները. «Մեր ինքնագիտակցության և հոգեբանության մեջ կամաց-կամաց ամրապնդվում է իրադրության թելադրողի դերը: Մենք միայն պատասխանողից վերածվում ենք նախաձեռնողի, առաջին քայլը կատարողի և կոտրվում է այն միֆը, թե իբր ակտիվորեն սպառազինվող Ադրբեջանն է թելադրում իրավիճակը Արցախի պետական սահմանի վրա: Այս առումով իհարկե դեռ շատ անելիք կա, սակայն կարևոր առաջին քայլերը արված են»:
  5. Անցնող շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 185 անգամ՝ տարբեր հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 850 կրակոց:

Տարածաշրջանային լուրերից.

Իրանի ռազմածովային ուժերն այսօր «Վելայաթ-90» ծածկանվամբ լայնածավալ զորավարժություններ են սկսել Օրմուզի նեղուցում: Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն սպառազինության նոր տեսակներ՝ կործանիչներ, նավեր` զինված զենիթահրթիռային սարքավորումներով, անօդաչու թռչող սարքեր, ցամաքային հրետանի: BBC-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների տարածքին մոտ գտնվում է ԱՄՆ հարվածային ատոմային օդանավակիր «Ջոն Սթենինսը»: Օրմուզյան նեղուցը հատուկ ռազմավարական նշանակություն ունի՝ այն միացնում է Պարսից և Օմանի ծոցերը և կարևորագույն տրանսպորտային անցում է, որի միջոցով կատարվում է աշխարհի ծովային նավթափոխադրումների ավելի քան 40 տոկոսը: Իրանցի որոշ քաղաքական գործիչներ ԻԻՀ դեմ պատերազմ սկսելու դեպքում սպառնում են փակել նեղուցը: Թեման՝ tert.am, news.am, panorama.am լրատվական կայքերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *