ՌԴ ԱԳՆ-ում հայկական և ռուսական կողմերը քննարկել են զենքի առևտրին առնչվող հարցեր: Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը գնահատել է, իսկ արցախցի ռազմական փորձագետը հանգամանալից ամփոփել է անցնող տարին:
- «2011թ. ամրապնդվել են երկրի սահմանները, բարելավվել է մարտական հերթապահություն կատարող անձնակազմի ծառայության պայմանները, բարձրացել է անվտանգության մակարդակը:… Եթե առաջնագծում 2010 թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է հրադադարի 5340 խախտում, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է արդեն հրադադարի խախտման 10397 դեպք»,- ամփոփելով անցնող տարին՝ ասել է արցախցի ռազմական փորձագետ Սուրեն Սարումյան:
- Հայկական ու ռուսական կողմերը ՌԴ ԱԳՆ-ում ներկայացրել են իրենց նկատառումները` կապված Զենքի առևտրի պայմանագրի բանակցությունների անցկացման, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի հետ:
- ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրայի հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը 2011թ.-ը արդյունավետ և կառուցողական է համարել բանակի համար՝ խոսելով տարվա ձեռքբերումներից և մատնանշելով հետագա անելիքները:
Տարածաշրջանային լուրերից.
«ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առկա հարաբերությունների համար որոշիչ նշանակություն կունենա ամերիկյան գլոբալ ՀՀՊ համակարգի ստեղծման ծրագրի վերաբերյալ մեր մտահոգությունները լսելու Վաշինգթոնի ունակությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայում տեղակայվելիք ՀՀՊ համակարգը համարելով սպառնալիք Ռուսաստանի անվտանգության համար:
Այսօր արդեն իսկ իրանական աղբյուրներն են գրում՝ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՀՊ ռադարային համակարգերի՝ մեկ շաբաթ հետո գործարկվելու մասին, իսկ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են զգուշացնել Թուրքիային, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կհարվածի Թուրքիայում տեղակայված այդ համակարգերին:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել է. «Թուրքիան օրեցօր ավելի որոշիչ դիրք է զբաղեցնում տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականությունում: Ձեր երկիրը Վրաստանի հուսալի բարեկամն է»:
«ԱՄՆ-ն կցանկանար սերտ համագործակցություն հաստատել ՌԴ-ի հետ՝ միջուկային սպառազինության համար ռադիոակտիվ նյութերի արտադրությունը կասեցնելու առումով»,- ասել է ԱՄՆ զինաթափման, համաձայնագրերի ստուգման ու պահպանման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը: