Մայիսի 10-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում ուկրաինական ռազմարդյունաբերական «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևի գլխավորած պատվիրակությունը եղել է թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող BAYKAR Makina-ի արտադրական գործարաններում։
Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ» լրատվական հարթակը։ «Ուկրոբորոնպրոմ»-ի գլխավոր տնօրենը շեշտել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորանում է հատկապես ԱԹՍ-ների արտադրության ոլորտում, և հիշեցրել, որ BAYKAR ընկերությանը շարժիչներ է մատակարարում ուկրաինական «Իվչենկո Պրոգրեսս» (Ивченко прогресс) ընկերությունը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում այս պահին արտադրվում են շարժիչներ Baykar ընկերության ԱԹՍ-ների համար։ 2019 թ․ օգոստոսի 27–ին «Ուկրսպեցէքսպորտ»-ի կազմում ներառված «Իվչենկո Պրոգրեսս (Ивченко прогресс) ընկերությունը թուրքական BAYKAR ընկերության հետ կնքել էր “Black Sea shield” անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր, որն էլ պետք է արտադրեր շարժիչները։
Արդեն 2019 թ. նոյեմբերին համատեղ ընկերության մշակած ԱԻ-450Տ շարժիչը փորձարկվեց թուրքական ընկերության «Աքընջը» ԱԹՍ-ի վրա։ 2020 թ․ հուլիսին հայտնի դարձավ, որ կողմերը նախատեսում են սկսել նաև Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։ Ենթադրվում էր, որ այդ դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։