Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը եղել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցը։ Ըստ Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի՝ ստեղծված մթնոլորտը թույլ է տալիս խոսել հարցի լուծման հնարավորության մասին։
Վրաստանի արտգործնախարարի հայտարարության մասին գրում են ադրբեջանական լրատվականները։
Նշենք, որ Ադրբեջանը սահմանազատման խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանի, այլև գործընկեր Վրաստանի հետ։ Վրաց-ադրբեջանական 446 կմ երկարությամբ սահմանի մոտ 1/3-ը հստակ զատված չէ։ Վիճելի գոտիներից մեկը Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևելք ընկած Դավիթ Գարեջիի վանական համալիրն է, որի պատկանելիության շուրջ կողմերը բանակցություններ են վարում 2007 թվականից։ Ադրբեջանական կողմը քրիստոնեական այս համալիրը համարում է «ալբանական մշակույթի հուշարձան»։
2019-ի հոկտեմբերին վանքի անմիջապես հարևանությամբ ադրբեջանական կողմը ավարտել էր սահմանապահ ուղեկալի շինարարությունը և շահագործման հանձնել։ Ուղեկալի վայրում դեռ նույն տարվա հուլիսից ադրբեջանական կողմը ճամբար էր դրել ու սկսել շինարարական աշխատանքներ, իսկ ավելի վաղ՝ մայիսից, Ադրբեջանը սկսել էր կառուցել դեպի վանքի բարձունքներ տանող ճանապարհ։
Ադրբեջանական սահմանապահ ուղեկալը վրացական վանքի հարևանությամբ
Վանական համալիրն անմիջապես վրաց-ադրբեջանական սահմանին է, ադրբեջանցի սահմանապահները պարբերաբար մուտք են գործում համալիրի տարածք։ Հերթական նման միջադեպը եղել էր 2019 թ․ ապրիլի վերջին. սահմանապահները չէին թույլատրել վրացի հոգևորականներին մուտք գործել համալիր, ինչը վրացական կողմում առաջացրել էր հասարակական դժգոհություն։
Հատկանշական է, որ ուղեկալից շուրջ 1,7 կմ հեռավորության վրա արդեն իսկ կա գործող Ադրբեջանի ՊՍԾ սահմանապահ ուղեկալ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նոր ուղեկալի կառուցումը պայմանավորված էր հենց վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակով։
Ուշագրավ է, որ 2020 թվականի սեպտեմբերին Վրաստանի գլխավոր դատախազությունը ձերբակալել էր 2006-2017 թթ․ վրաց-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմում եղած երկու անձի․ նրանց մեղադրում են Ադրբեջանի օգտին աշխատելու և 1936-37 թթ․ համապատասխան քարտեզները թաքցնելով Վրաստանի տարածքի 3500 հեկտարի կորստի վտանգ ստեղծելու համար։ Վերոհիշյալ քարտեզները վերաբերում են հենց Դավիթ Գարեջի համալիրի վիճելի տարածքին։