ՊՌՎ արդյունքներից է կախված լինելու նաև ԶՈւ-ում կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը. Տոնոյան

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հետ  հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլ, որի նախապատրաստական աշխատանքներն այս շրջանում անցկացվում են զինված ուժերում:

Դավիթ Տոնոյանը խոսել է Հայոց բանակի առանձնահատկությունից ու զինված ուժերում ստորաբաժանումների և պաշտոնների անվանումները փոխելու նպատակահարմարությունից։

2E31pwX1J7rsRRLZGUNSUQZFKp

-Պարոն Տոնոյան, ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման և աշխատանքների կազմակերպման շրջանակներում օրերս Հայաստանում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է նշանակում «Ռազմավարական վերանայման նոր շրջափուլ»: 

” Նախ նշեմ, որ պաշտպանության ռազմավարական վերանայումը (ՊՌՎ) հանդիսանում է պաշտպանության ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման կարևոր բաղկացուցիչը, ուստի երկարաժամկետ պլանավորման յուրաքանչյուր փուլի սկզբում մենք իրականացնում ենք այդ գործընթացը: Այս իսկ պատճառով ՊՌՎ հերթական այս գործընթացը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011-2015թթ. պլանավորման շրջափուլից մենք անցում ենք կատարում 2016-2020թթ. շրջափուլ: Ռազմավարական վերանայումը մի գործընթաց է, որի ընթացքում գնահատվում է անվտանգության միջավայրն իր սպառնալիքների և ռիսկերի տեսանկյունից։ Արդյունքում մշակված պլանավորման նկատառումների, առաջնահերթությունների և կայացված որոշումների հիման վրա իրականացվում է պլանավորման գործընթացը` մշակվում կամ վերանայվում են զինված ուժերի կիրառմանը և զարգացմանը վերաբերվող բոլոր ծրագրերն ու պլանները, ներառյալ`միջնաժամկետ ծախսային ծրագրերը: ՊՌՎ արդյունքներից է կախված լինելու նաև ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

” Դա վերաբերու՞մ է ռազմական տեխնիկային ու պաշտպանական համակարգերին: 

-Իհարկե, ռազմավարական վերանայման արդյունքները վերաբերում են պաշտպանության ոլորտի բոլոր բաղադրիչներին: Հիմնական իմաստը պլանավորման մեջ է, թե անվտանգության միջավայրից բխող և գործընթացի ընթացքում գնահատված սպառնալիքներին դիմակայելու համար զինված ուժերի ինչպիսի կառուցվածք, կազմ, ուժեր ու կարողություններ և ընդհանրապես` միջոցներ են անհրաժեշտ, որոշվեն առաջնահերթությունները և ֆինանսավորման աղբյուրները: Դա ներառում է և՛ ռազմարդյունաբերության համալիրը, և՛ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, և՛ անձնակազմի կառավարումն ու մնացած բոլոր բաղադրիչները:

” Հնարավո՞ր է, որ կառուցվածքային և մնացած փոփոխություններն արվեն ավելի շատ Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգի հանգույն՝ հաշվի առնելով, որ վերանայման հիմքում են նաև միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունը: Իսկ այդ միջազգային գործընկերներն են՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Թե խառը՞…  

” Միջազգային խորհրդատվական աջակցության նշանակությունը ոչ թե կոնկրետ երկրից կոնկրետ ոլորտում օժանդակություն ստանալու մեջ է կայանում, այլ՝ պլանավորման մշակույթը ներդնելու մեջ: Ուստի միջազգային խորհրդատվությունը կենտրոնանում է գործընթացի մեթոդաբանության և համընդգրկուն պլանավորման համակարգ ձևավորելու վրա: Ընդհանրապես, յուրաքանչյուր պետություն ունի սեփական փորձառությունը: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն ունեն այդ մշակույթը, և դա ուղղակի փորձ է, որ մեզ համար ուսանելի է՝ հաշվի առնելով, որ առաջին ռազմավարական վերանայումն իրականացրել է Մեծ Բրիտանիան, իսկ ԱՄՆ-ը նման գործընթաց իրականացնում է յուրաքանչյուր չորս տարին մեկ:
Նշեմ նաև, որ պաշտպանության ոլորտի պլանավորումը տնտեսական նոր միջավայրին համապատասխանեցնելու գործընթաց է անցնում նաև Ռուսաստանի Դաշնությունը և բնական է, որ այս ոլորտում մենք սերտորեն համագործակցում ենք նաև ՌԴ-ի հետ: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ պաշտպանության ոլորտի լայն սպեկտրով պլանավորում են իրականացնում:

” Պարոն Տոնոյան, Հայոց բանակի կազմավորման ակունքներում խորհրդային բանակի հիմքն էր, քանի որ բացի կամավորականներից, ՀՀ զինված ուժերում ներգրավվեցին խորհրդային սպաները: Հիմա կարելի՞ է ասել՝ մեր բանակը որքանով է այդ խորհրդային բանակի շարունակողն իր կառուցվածքով և մնացած բաղադրիչներով: 

” ՀՀ զինված ուժերի ակունքներում ոչ միայն խորհրդային բանակի, այլև Արցախյան ազատամարտի ազգային փորձն է: Մեր բանակի առանձնահատկությունը կայանում է այս երկուսի համադրման մեջ: Պետք է հաշվի առնել նաև այն, որ պաշտպանության ոլորտը, դրա հիմքը կազմող ռազմական արվեստը, զինված ուժերում կիրառվող չափանիշները անընդհատ զարգացող գործընթացներ են, քանի որ ողջ աշխարհում և՛ անվտանգության միջավայրը, և՛ սպառնալիքների բնույթը, և՛ դրանց դեմ պայքարի մեխանիզմները փոփոխվում են: Մեր խնդիրն է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ-ն զարգանա այդ գործընթացներին համահունչ, պատրաստ լինի դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ իրականացնելու կարողություններ, սպառազինություն և հմտություններ: Ուստի մեր բանակի զարգացման գործընթացում ինտեգրվում են բոլոր ժամանակակից չափանիշները, անկախ նրանից` դրանք ազգա՞յին են, խորհրդային, ռուսական, թե՞ արևմտյան:

Պարոն Տոնոյան, ժամանակին Պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ չի բացառվում, որ կոչումների ու սպայական աստիճանների վերանայում լինի՝ այսպես կոչված հայեցի, ավանդական, պատմական տեսանկյունից: Այսինքն՝ մտցվեն «հազարապետ», «տասնապետ» և այլ կոչումներ: Նման բան հնարավոր համարու՞մ եք: 

” Ժամանակին նման առաջարկություններ քննարկվել են, սակայն հիմա ոչ, որովհետև անվանումների գործող համակարգի պայմաններում չկա դրա նպատակահարմարությունը: ՀՀ զինված ուժերում ստորաբաժանումների և պաշտոնների անվանումներն արդեն իսկ համապատասխանում են հայոց լեզվի տրամաբանությանն ու քերականությանը: Օրինակ՝ «գնդապետ», «գնդի հրամանատար», «դասակի հրամանատար»` սրանք բոլորը հայկականացված են: Ի դեպ, ասեմ, որ հազարապետը գնդապետն է, տասնապետը՝ ջոկի հրամանատարը:

Եկե՛ք հաշվի առնենք նաև այն կարևոր հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերը միջազգային ինտեգրման տիրույթում պետք է ընկալելի և փոխգործունակ լինի ինչպես կառուցվածքի, այնպես էլ կոչումների, անվանումների և այլ բաղադրիչների առումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *