ՌԴ տախտակամածային զորավարժարանում ինքնաթիռն առաջին անգամ թռիչք է կատարել

Նավային ավիացիայի վերգետնյա փորձարարական զորավարժարանը, որի կառուցումն ընթանում է Ազովի ծովի Յոյսկի շրջանում, առաջին անգամ կիրառվել է տախտակամածային ուսումնամարտական Սու-25ՈւՏԳ ինքնաթիռի փորձարկման համար։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՌԴ ռազմարդյունաբերության նախարարության սեփական աղբյուրներին, տեղեկացնում է, որ թռիչքուղին ու տրամպլինը գրեթե պատրաստ են, և հենց դրանք են օգտագործվել Սու-25ՈւՏ-ի փորձնական թռիչքի համար։

Սու-25ՈւՏԳ

Սու-25ՈւՏԳ

Ըստ էության, ռուսական նոր «ՆԻՏԿԱ» զորավարժարանը դառնալու է ուկրաինականի նմանօրինակը, որի օգտագործումից ռուսական կողմը հրաժարվել էր 2013-ի ամռանը։

Նշենք, որ ռուսական զորավարժարանի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 61 հազար ԱՄՆ դոլար։

Ավելի վաղ «Սպեցստրոյ» դաշնային գործակալության տնօրեն Գրիգորի Նագինսկին հայտարարել էր, որ ռուսական նոր «ՆԻՏԿԱ»-ն սկսելու է շահագործվել 2013-ի աշնանը։ Ոչ պաշտոնական աղբյուրների նախնական տվյալներով՝ այս զորավարժարանը իր չափերով գերազանցելու է ուկրաինական նախօրինակին։

Հիշեցնենք նաև՝ օրերս լուրեր էին տարածվել, որ Յոյսկում ընթանում է նավային ավիացիայի զորավարժարանի ուղղաթիռների համար նախատեսված հատվածի շինարարությունը, իսկ ուկրաինական նախօրինակը չուներ ուղղաթիռների փորձարկման վայր։ ՌԴ ՌԾՈւ ծովակալ Վիկտոր Չիրկովի խոսքերով՝ ուղղաթիռային հատվածը կսկսի գործել արդեն 2016-ից։ Այն իրենից ներկայացնելու է ջրային առափնյա տարածության մեջ խարիսխների վրա ամրացված հարթակ, որտեղ էլ նախատեսվում է փորձարկել ուղղաթիռների թռիչքն ու վայրէջքը ավիակիր նավերի տախտակամածին։

Հավելենք նաև, որ Հարավային ռազմական օկրուգի ներկայացուցիչը տեղեկացրել է՝ ՄիԳ-29ԿՈւԲ ինքնաթիռները ևս հուլիսի 16-ին կատարել են 2 փորձարարական թռիչք՝ իրականացնելով պայմանական վայրէջք ավիակրի տախտակամածին։ Թռիչքները կշարունակվեն առաջիկա 2 շաբաթների ընացքում, արդյունքում կկատարվի շուրջ 10 թռիչք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *