Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել

Թուրքական Aselsan ընկերությունը սերիական արտադրության է դրել անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված CATS (common aperture targeting system) կոչվող էլեկտրո-օպտիկական սենսորային համակարգերը։ Թուրքիայում պնդում են՝ Կանադայի էմբարգոյից* հետո կանադական արտադրանքը կարող են փոխարինել տեղականով։

*Ապրիլի 12֊ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել արտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման արտոնագրերը չեղարկելու մասին։ Պատճառը Թուրքիային տրամադրված կանադական տեխնոլոգիաների՝ նախորդ տարվա աշնանն Արցախում պատերազմի ընթացքում [Ադրբեջանի կողմից-Ռազմ․ինֆո] կիրառվելու ապացույցներն են։

Ըստ թուրքական CNN Türk լրատվական գործակալության թղթակցի՝ CATS համակարգերն արդեն ինտեգրվել են թուրքական Bayraktar TB 2 և Anka-S ԱԹՍ-ների վրա, 2020թ-ից** սերիական արտադրության աշխատանքներ են տարվում՝ ներքին և արտաքին պահանջարկը բավարարելու համար։ Համակարգը բաղկացած է ջերմային, HD ցերեկային ու ցածր լուսավորության տեսախցիկներից, հեռավորության չափման լազերային սարքից ու լազերային լուսավորության և ուղղորդման սարքերից։

**2020 հոկտեմբերի 6-ին՝ Արցախյան պատերազմի ընթացքում Կանադայի Կառավարությունն արդեն իսկ դադարեցրել էր Թուրքիային ԱԹՍ-ների տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ հետաքննելու էր դրանց՝ հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվելու փաստը:

Ըստ աղբյուրի՝ այժմ Aselsan ընկերությունը մշակում է նաև CATS֊ի արդիականացված ASELFLIR-F500C էլեկտրո֊օպտիկական համակարգը։ Համակարգը պետք է բաղկացած լինի HD ջերմային, HD ցերեկային ու HD կարճալիք ինֆրակարմիր սենսորային համակարգերից։ Ընկերությունը նպատակ ունի 2022թ. կեսից արդեն ինտեգրել համակարգերին, այդ թվում՝ Bayraktar TB2, ANKA-S և Akıncı ԱԹՍ-ների վրա։

Հիշեցնենք, որ կանադական արտադրության WESCAM CMX-15D օպտիկական համակարգերը տեղադրվել էին թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների վրա։ Դրանց շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ներն ստանում են շատ խորը ու լավ պատկերներ: Արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած մարտական գործողություններից տեսանյութերում մեծամասամբ օգտագործված էին հենց այս համակարգերի տեսագրությունները: Ավելի ուշ թուրքական ԱԹՍ խոցելուց հետո հայկական կողմի ցուցադրած կադրերում ևս երևաց կանադական այդ համակարգը, ինչը փաստացի ապացույց էր նրա, որ դրանցով օժտված թուրքական ԱԹՍ-ները կիրառվում են Արցախում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *