Թուրքիայի Սղերդ նահանգում Ժանդարմերիայի զինծառայող է սպանվել

Այսօր՝ ապրիլի 9-ին, Թուրքիայի հարավային Սղերդ նահանգում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Էրեն-6» ռազմագործողության (“Eren-6 Operasyonu”) ընթացքում սպանվել է Թուրքիայի ՆԳՆ Ժանդարմերիայի մասնագիտացված սերժանտ Էրքան Էրդեմը (Erkan Erdem):

Այս մասին հայտնում է թուրքական պետական TRT Haber լրատվականը՝ հղում անելով Սղերդի նահանգապետարանին: Նշվում է, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է նահանգային հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը 2021 թ․ հունվարի 11-ից Շըրնաք և Սղերդ նահանգներում քուրդ զինյալների դեմ իրականացնում է «Էրեն» ռազմագործողությունները (“Eren Operasyonları”): Դրանցում ներգրավված են Ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժեր, ինչպես նաև Ժանդարմերիայի ենթակայության տակ գործող քրդական «գյուղական պահապանների»* խմբեր։

*«Գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են, որոնք պայքարում են քրդական PKK-ի դեմ: Այդ զինված ստորաբաժանումները ենթարկվում են գավառի կամ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությանը:

Նշենք, որ Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015 թ. ամռանից։ Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *