Ղրիմում տեղակայված ՌՕՈւ և ՀՕՊ ստորաբաժանումները հագեցած են բացառապես նոր տեխնիկայով․ Դվորնիկով

Հաշվի առնելով Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի տեղակայման վայրերի կարևորությունն ու բարդությունը՝ ռազմական ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս ռազմական շրջանի ստորաբաժանումների տեխնիկական համալրմանը։ 2020 թվականին ռազմական շրջանը ստացել է 2500 միավոր նոր կամ արդիականացված ռազմական տեխնիկա։

Այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը։

Դվորնիկովը հայտարարել է, որ ռազմական շրջանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս Ռուսաստանի մերձսևծովյան հատվածը՝ ներառյալ Ղրիմը, պաշտպանել ցանկացած սպառնալիքից։

Ղրիմում տեղակայված ՌՕՈւ և ՀՕՊ ստորաբաժանումները 100%–ով հագեցված են նոր տեխնիկական միջոցներով։ «Բելբեկ» աերոդրոմը վերակառուցումից հետո ի վիճակի է ընդունել ցանկացած տեսակի ինքնաթիռներ, իսկ ՀՕՊ ստորաբաժանումներին մատակարարվել են 2016-17 թթ․ արտադրության միջոցներ, որոնք մոտակա ժամանակահատվածում արդիականացման կարիք չեն ունենա։

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանը ամենահարուստն է մարտական փորձով։ Ռազմական շրջանը տեղակայված է Ռուսաստանի հարավային և Կովկասյան տարածքներում, Ղրիմում։ Ռազմական շրջանի կազմում են նաև Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազաները, Սևծովյան նավատորմն ու Կասպյան նավատորմիղը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *