Թուրքական T-929 «Աթաք»-2 ուղղաթիռները կունենան ուկրաինական արտադրության շարժիչներ

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) նախագծով «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրության ծանր դասի T-929 «Աթաք»-2 հարվածային ուղղաթիռները համալրված կլինեն ուկրաինական շարժիչներով։

Այս մասին, թուրքական SavunmaSanayiST մասնագիտացված կայքի փոխանցմամբ, հայտնել է ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը։ Նախատեսվում է, որ ուղղաթիռը առաջին թռիչքը կկատարի 2023 թ-ին։

Հիշեցնենք, որ ուղղաթիռի արտադրության մասին պայմանագիրը կնքվել էր 2019 թ․ փետրվարի 22-ին։ Նախապես ասվում էր, որ այն ամբողջությամբ պետք է լինի տեղական արտադրության։ Ծանր դասի ուղղաթիռը կունենա 30 մմ տրամաչափի ավտոմատ հրանոթ, նոր սերնդի 2,75 դյույմանոց ղեկավարվող ու չղեկավարվող, հակատանկային ու «օդ–օդ» տեսակի հրթիռներ։

Նշենք, որ սա Թուրքիայի և Ուկրաինայի առաջին համագործակցությունը չէ շարժիչների արտադրության ոլորտում։ Դեռ 2019 թ․ օգոստոսին Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Բայքար» և ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունների միջև ստորագրվել է պայմանագիր, որով բացվելու էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն։ Նախատեսվում էր, որ ընկերությունն առաջինը կարտադրի «Բայքար» ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ի շարժիչներ։

Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։ 2020 թ․ հուլիսին հայտնի դարձավ, որ կողմերը նախատեսում են սկսել նաև Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։ Ենթադրվում էր, որ այդ դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *