COVID-19-ի աճի պատճառով ՀՀ ԶՈւ-ում սահմանափակվում են արձակուրդները․ ՊՆ

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում վերջին շրջանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի մահվան դեպքեր)։

Հիշեցնենք, որ անցյալ տարի կորոնավիրուսային համաճարակի՝ հարևան Իրանում տարածվելուց հետո՝ 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում զինծառայողներին արգելվել էր հարազատների հետ տեսակցությունները, ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։ Սահմանափակումների նպատակը զինված ուժերում կորոնավիրուսի հնարավոր ներթափանցման կանխարգելումն էր։

Նշենք, որ 2021 թ․ մարտի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180․141 դեպք, ապաքինվել է 166․913 անձ, համաճարակից մահացածների թիվը 3․282 է, ևս 842 վարակակիր մահացել է այլ պատճառներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *