ԱՄՆ պատրաստ է F-35 կործանիչներ տրամադրել Հունաստատնին

Մարտի 4-ին Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոֆրի Փայեթը Աթենքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հունաստատնին F-35 կործանիչներ և ֆրեգատներ տրամադրել, սակայն դա կարող է տարիներ տևել։

Այս մասին հայտնում է Greek city times լրատվակայքը։ Դեսպանը նշել է, որ ռազմաօդային ուժերում F-35-ների համար անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, որոնց ստացման գործընթացը մոտ հինգ տարի կպահանջի։ Մինչ այդ Հունաստանի ՌՕՈւ-ին պատկանող 84 F-16 կործանիչները կարդիականացվեն F-16V (Viper) դասի։

Ջոֆրի Փայեթը նշել է նաև, որ Հունաստանի կողմից ամերիկյան ֆրեգատների ձեռքբերումը կնպաստի երկու երկրների ռազմավարական հարաբերությունների խորացմանը։

Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերին Հունաստանը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ֆրանսիայից Rafale և ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնման մասին: Rafale֊ների առաջին մասը Հունաստանը կստանա 2021 թ-ին։

Հունաստանի կողմից կործանիչների ձեռքբերումը հատկանշական է Միջերկրիական ծովի շուրջ թուրք-հունական հակամարտության ֆոնին, քանի որ Հունաստանին կարող են տրվել այն 6 միավոր F-35-երը, որոնք արտադրվել էին Թուրքիայի համար։ Բացի այդ, թեպետ Թուրքիան դուրս է մնացել F-35-երի արտադրության ծրագրից, մինչ օրս F-35-ների որոշ մասեր դեռ արտադրում են թուրքական ընկերությունները։

Հավելենք, որ Թուրքիան F-35 կործանիչների համատեղ ծրագրի (Joint Strike Fighter program) անդամ էր մինչև 2019 թ։ Թուրքիան պատրաստվում էր գնել մոտ 100 միավոր 5-րդ սերնդի F-35, սակայն 2017 թ. դեկտեմբերին Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործարքի կնքումից ու 2019 թ. ռուսական համակարգերի առաջին խմբաքանակի ստանալուց հետո Թուրքիան պաշտոնապես հեռացվեց ծրագրից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *