Ֆրանսիան ու Հունաստանը ստորագրել են Rafale կործանիչների գնման պայմանագիրը. Reuters

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին և իր հույն գործընկեր Նիկոս Պանայոտոպուլոսը հունվարի 25-ին Աթենքում կայացած հանդիպմանը ստորագրել են Հունաստանի ԶՈւ համար 6 միավոր նոր և 12 միավոր օգտագործված Rafale («Ռաֆալ») կործանիչների գնման գործարք։ Գործարքի համար Հունաստանը Ֆրանսիային վճարելու է 2,5 միլիարդ եվրո (~3,04 միլիարդ դոլար)։

Այս մասին հայտնում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը։ Առաջին 6 միավոր օգտագործված կործանիչները Հունաստանին կմատակարարվեն 2021թ. հունիսի մոտակայքում, իսկ մնացածը՝ մինչ 2023թ. կեսը։

Ֆլորանս Պառլին նշել է, որ Հունաստանը դառնում է եվրոպական առաջին երկիրը, որը ձեռք է բերել այս տեսակի կործանիչներ, ինչպես նաև հայտարարել, որ Ֆրանսիան առաջիկայում Հունաստանին կներկայացնի ֆրեգատների նավատորմի նորացման առաջարկներ։

Հիշեցնենք, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը 2020 թ․ սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Հունաստանը Ֆրանսիայից Rafale կործանիչներ է գնելու Mirage 2000 կործանիչներին փոխարինելու համար։ Բացի այդ, Հունաստանը գնելու է ևս 4 ֆրեգատ, նավատորմի համար 4 ուղղաթիռ, իսկ հավելյալ 4 ֆրեգատ էլ վերանորոգելու են։

Այս հայտարարությունը հունական կողմից հնչում էր Միջերկրական ծովի շուրջ ծավալված թուրք-հունական կոնֆլիկտի ֆոնին, որտեղ Ֆրանսիան բացահայտ աջակցություն է հայտնում Հունաստանին։ Կոնֆլիկտի պատճառը Կրետե կղզուց Կիպրոս ընկած ծովային տարածությունում բնական պաշարների արդյունահանման հետախուզումն է, թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան պնդում են, որ այդտեղ հետախուզական գործողություններ անելու իրավունք ունեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *