Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Ազգային հերոս, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ազատվել է պաշտոնից։

Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ* մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»։

*Վերոնշյալ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է` «3) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով»։

Ավելի վաղ Yerevan.today լրատվամիջոցը գրել էր, որ գեներալ-լեյտենանտը ծիծաղով է արձագանքել «Իսկանդերի» հրթիռների չպայթելու մասին Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը։

Եվ թեև պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել այն մասին, որ լրագրողն ամբողջովին չի ներկայացրել զինվորականի խոսքը` այն խեղաթյուրելով, այնուամենայնիվ, գեներալ-լեյտենանտի աշխատանքից ազատման հրամանագիր ստորագրվել է։

«Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:

Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք», ” նշվածն էր ՊՆ պարզաբանման մեջ, չնայած որին ամեն դեպքում հետևեց ԳՇ պետի տեղակալի պաշտոնազրկումը:

Փաշինյանը երրորդ դեմքով ակնարկել էր, որ պետք է պատասխանեն` ինչու կրակած «Իկանդերի» հրթիռը չի պայթել կամ 10%-ով է պայթել, իսկ լրագրողի հարցին, թե արդյոք այդպես լինում է, պատասխանել էր` «չգիտեմ»։

Փաշինյանի հայտարարությունը քննադատել են նաև Ռուսաստանում` նրան մեղադրելով սուտ խոսելու և ոչ կոմպետենտության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *