Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերն արտադրող «Բայքար» (Baykar) ընկերությունն առաջիկայում նախատեսում է սկսել «Աքընջը» (Akıncı) տեսակի հարվածային ԱԹՍ-ների կրակային փորձարկումները։ Անհրաժեշտ որակավորում ստանալուց հետո դրանք 2021 թ․ ընթացքում կմտնեն զինված ուժերի սպառազինություն։
Այս մասին գրում է Defence Turk մասնագիտացված կայքը։ Դեռևս փետրվարի 4-ին «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարը հայտնել էր, որ «Աքընջը» ԱԹՍ-ները սերիական արտադրության են դրել՝ ԶՈւ-ին մատակարարելու նպատակով։
Փետրվարի 22-ին Սելչուք Բայրաքթարը հրապարակել էր տեսանյութ և լուսանկարներ, որտեղ երևում է «Աքընջը» հարվածային անօդաչուների 3 նախատիպ։
Հիշեցնենք, որ այս ԱԹՍ-ի առաջին փորձնական թռիչքը եղավ 2019թ. վերջին, իսկ մինչ այդ դրա վրա փորձարկվել էին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով։
ԱԹՍ-ի մշակումը սկսվել է 2017թ. մայիսից: Այն սկզբնապես նախատեսվում էր գործարկել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։
«Աքընջը» հարվածայնի ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը.
- Թևերի բացվածքը՝ 20 մ;
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ;
- Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ;
- Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ;
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժ;
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ ~12 կմ։
ԱԹՍ-ին կարող է կցվել 6 հրթիռ։ Հնարավոր հրթիռներն են՝ «MAM-L», «MAM-C», «BOZOK», «CİRİT», «SOM-A», «LGK», «HGK», «KGK»։ Սրանք բոլորը թուրքական տարբեր ընկերությունների արտադրանքներ են։