Թուրքական ռազմարդյունաբերական Baykar Savunma ընկերությունը հայտնել է, որ այս պահին Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Կատարում ընդհանուր առմամբ շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք։
Ընկերությունն այս մասին գրել է իրենց արտադրած Bayraktar TB2 ԱԹՍ-ի՝ 300 հազար թռիչքային ժամ իրականացնելու առիթով։
Baykar ընկերության արտադրած այս անօդաչուները Թուրքիայի զինված ուժերի սպառազինություն են մտել 2014 թվականից, իսկ 2015 թվականից շահագործվում են նաև երկրի Ժանդարմերիայի, Ոստիկանության և Ազգային հետախուզական ծառայության (MİT) կողմից։
Bayraktar TB2 ԱԹՍ-ները հետախուզական և հարձակողական նպատակներով 2018 թվականից սկսած կիրառվել են Սիրիայում, 2019-ից՝ Իրաքում, Լիբիայում, արևելյան Միջերկրականում, իսկ 2020 թվականից՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում։
Հայտնի է, որ Թուրքիայի զինված ուժերի սպառազինությունմ առկա է առնվազն 110 միավոր Bayraktar ԱԹՍ, Ժանդարմերիայի սպառազինությունում՝ 12 միավոր, Անվտանգության գլխավոր ծառայության (Ոստիկանություն) սպառազինությունում՝ 6 միավոր։ Կատարն ու Ուկրաինան մինչ օրս ստացել են 6-ական միավոր Bayraktar TB2 անօդաչու սարք։ Տարբեր տվյալներով Ադրբեջանին մատակարարվել է 6 կամ ավելի միավոր Bayraktar ԱԹՍ, սակայն այդ տեղեկությունները բավարար չափով վստահելի աղբյուրներից չեն։
Bayraktar TB2 ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 150 կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24 ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք