Բելգիական ընկերությունները շրջանցում են Թուրքիային զենք մատակարարելու էմբարգոն. The Brussels Times

Արտահանման օրենսդրության բացը ֆլամանդական ընկերություններին թույլ է տալիս Լիբիայում և Արցախում հակամարտությունների մեջ ներգրավված թուրքական օդանավերի համար մասեր մատակարարել։

Այս մասին, The Brussels Times լրատվակայքի փոխանցմամբ, գրում է բելգիական De Morgen պարբերականը։

2019 թվականին ի պատասխան Սիրիայում քրդերի դեմ պայքարում իսլամիստական ջիհադի ուժերին Թուրքիայի աջակցության, Բելգիայի ֆլամանդական կառավարության ղեկավար Յան Յամբոնը սառեցրել էր Թուրքիա ռազմական տեխնիկա արտահանելու արտոնագրերը։ Այդ ժամանակ արգելքը վերաբերում էր երկակի օգտագործման սարքավորումների չորս բեռների, որոնք սովորաբար ունեն քաղաքացիական կիրառություն, սակայն կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակների համար։

Չնայած այդ արգելքին՝ ֆլամանդական ընկերությունները շարունակում են մասեր մատակարարել Թուրքիայի կողմից օգտագործվող A400M* ռազմական ինքնաթիռների համար։ Հիմնական մտահոգությունն այն է, որ Թուրքիան A400M օդանավերով Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան և Արցախ, ինչպես նաև զենք է ուղարկել Լիբիա՝ խախտելով զենքի փոխադրման ևս մեկ արգելք։

*A400M-ը ՆԱՏՕ-ի անդամ վեց պետությունների, այդ թվում`Բելգիայի և Թուրքիայի մասնակցությամբ 2013 թվականից գործող նախագիծ է, որի մասերը չեն ընդգրկվել վերոհիշյալ էմբարգոյի մեջ։ Ֆլամանդական ընկերություններն այս նախագծի համար մինչ օրս 86 միլիոն եվրո արժողությամբ մասեր են արտահանել։

Ըստ աղբյուրի՝ Յան Յամբոնը նշում է, որ A400M-ի մասերի արտահանումը դուրս է մնացել իր էմբարգոյի շրջանակից, քանի որ այդ մասերը առաքվում են ոչ թե անմիջականորեն Թուրքիա, այլ Իսպանիայում գործող արտադրական գործարան։ Այսինքն դրանք նախատեսված չեն հատուկ Թուրքիայի համար արտադրվող օդանավերի համար։ Նա նաև շեշտել է օրենսդրական այդ բացը ուղղելու անհրաժեշտությունը՝ ասելով, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում, Լիբիայում և Արցախում ցույց են տալիս, որ սա այն երկիրը չէ, որտեղ հնարավոր է առանց որևէ վերահսկողության արտահանում իրականացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *