ԱՄՆ-ն չի բացառում, որ 2014-ից հետո Աֆղանստանից կհանի իր բոլոր ստորաբաժանումները

ԱՄՆ-ն չի բացառում, որ 2014 թվականից հետո Աֆղանստանից դուրս կբերի իր բոլոր ստորաբաժանումները։ Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնեյը։

«Մենք հստակ նշել ենք, որ 2014 թվականից հետո Աֆղանստանից զորքերի դուրսբերմանը վերաբերող հարցը քննարկելու ենք այդ երկրի կառավարության հետ»,- մատնանշել է Քարնեյը։

images

 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի գերնպատակը «ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի դեմ պայքարն է, ինչպես նաև աֆղանական բանակի վերապատրաստումը և սպառազինության նկատմամբ վերահսկողության փոխանցումը։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ վերջնական որոշում չի կայացրել 2014 թվականից հետո Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայության վերաբերյալ։

Անցած երկուշաբթի «Նյու Յորք Թայմս» պարբերականը տեղեկացրել էր,որ ԱՄՆ-ի կառավարությունը վերանայում է զորքի արագացված դուրսբերման հարցը, և ամերիկյան զորամիավորումները կարող են հեռանալ Աֆղանստանից մինչ 2014 թվականի վերջը։ Պատճառը Օբամայի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի միջև տարաձայնություններն են՝ կապված Քաթարում ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև բանակցությունների հետ։

Հիշեցնենք,որ 2012 թվականի նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ի Սենատը 62 կողմ 33 դեմ ձայնով քվեարկել է Աֆղանստանից ամերիկյան 66.000-անոց զորախմբի արագացված դուրս բերման օգտին։ Օրենքը կոչ է անում զորախումբը դուրս բերել արագացված տեմպերով, սակայն այն չունի պարտադրող բնույթ։

Ավելի վաղ նախատեսվել էր, որ մինչ 2014 թվականի փետրվար ամիսը Աֆղանստանում ներկայում տեղակայված 63 հազարանոց ամերիկյան զորախումբը կլքի 34 հազար զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *