Հարավային Կորեան հետաձգում է կործանիչների տրամադրման տենդերը

Հարավային Կորեայի ռազմական գնումների վարչությունը (DAPA) մտադիր է 60 միավոր F-X III կործանիչների տրամադրման տենդերի արդյունքների հայտարարումը հետաձգել մինչև 2013-ի աշուն։

Defense News պարբերականը գրում է, որ մրցույթի շրջանակներում վարչության անցկացրած 55 փուլերը, որոնք տրոհված էին 2 մասի, սպասված արդյունքը չեն տվել, քանի որ տենդերի մասնակիցները չեն կարողացել առաջարկել զինվորականներին ձեռնտու ինքնաթիռների արժեք։

Նշենք, որ F-X III կործանիչների տենդերին մասնակցում էին ամերիկյան Lockheed Martin ու Boeing ընկերությունները, ինչպես նաև Eurofighter կոնսորցիումը։ Այս ձեռնարկությունները համապատասխանաբար առաջարկում էին հարավկորեական զինվորականներին F-35 Lightning II, F-15 Silent Eagle (F-15SE) և Typhoon կործանիչները։ DAPA-ն մտադիր է 60 կործանիչների գնման համար ծախսել ոչ ավել քան 7,3 մլրդ դոլար։

Ըստ նույն աղբյուրի՝ չի բացառվում, որ Հարավային Կորեան տենդերի ընտրման չափանիշները փոփոխի՝ տուրք տալով օֆսեթային համաձայնագրերին։ Այս շրջանակներում առավել շահավետ է Eurofighter-ի առաջարկը։ Համաձայն դրա՝ Typhoon կործանիչների պատրաստման գործարանը կկառուցվի հենց Հարավային Կորեայի տարածքում, Eurofighter-ը կհոգա սարքավորումների ու տեխնոլոգիաների ծախսերը՝ Հարավային Կորեայի տնտեսության մեջ ներդնելով ընդհանուր առմամբ 2 մլրդ դոլար։

Հավելենք, որ ամերիկյան ընկերությունների հաղթանակը տենդերում ավելի հավանական է, քանի որ Հարավային Կորեայի ու ԱՄՆ ռազմատեխնիկական հարաբերությունները հետզհետե զարգանում են, բացի այդ, վերջին տասնամյակում կորեացիները գնում են հիմնականում ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *