Ռուսաստանի հարավում մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժությունը

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում մեկնարկել է «Կովկաս-2020» մարտավարական հրամանատարաշտաբային խոշորամաշստաբ զորավարժությունը։ Զորավարժությանը մասնակցում են շուրջ 80 հազար զինվորականներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Պակիստանից և Մյանմայից։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հայաստանը և մյուս մասնակիցները (բացի Ռուսաստանից) զորավարժությանը մասնակցում են ընդհանուր թվով շուրջ 1000 զինծառայողով։ Ավելի վաղ Հնդկաստանը նոր կորոնավիրուսային համաճարակի պատճառով հրաժարվել էր մասնակցել։

Ռուսաստանից զորավարժությանը մասնակցում է գրեթե ամբողջ Հարավային ռազմական շրջանը՝ ներառյալ ռազմածովային ուժերը, Ռոսգվարդիան, ԱԻՆ-ը։ Զորավարժության առաջին փուլում, ելնելով ստեղծված «քաղաքական իրավիճակից», մասնակից երկրները գործողություններ են պլանավորում, համագործակցում են մասնակից երկրների հետ, իսկ երկրորդ փուլում խաղարկվելու են զորքերի կառավարման համատեղ գործողություններ։

Զորավարժությունը, բացի Ռուսաստանի հարավային տարածքներից, Կասպից և Սև ծովերից, անցկացվում է նաև Աբխազիայում, Հս․ Օսիայում և Հայաստանում տեղակայված 7-րդ, 4-րդ և 102-րդ ռազմաբազաներում։ 102-րդ ռազմաբազայից զորավարժությանը մասնակցում է մոտ 1500 զինծառայող։

Պատահական չէ, որ մասնակիցների, զինտեխնիկայի և զինատեսակներ նման ներգրավվածությամբ զորավարժությունը հենց Հարավային ռազմական շրջանում է անցկացվում։ Այս ռազմական շրջանը Ռուսաստանում ամենահարուստն է մարտական փորձով և ՊՆ-ի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է՝ օրինակ 2019-ին որոշում էր ընդունվել Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում ավելացնել զինծառայողների քանակը մյուս ռազմական շրջանների զինծառայողների հաշվին։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները՝ 8-րդ, 49-րդ, 58-րդ համազորային բանակները, ՀՕՊ և ՌՕՈւ 4-րդ բանակները, Սևծովյան նավատորմը, Կասպյան նավատորմիղը տեղակայված են Ռուսաստանի հարավային և կովկասյան տարածքներում։ Ռազմական շրջանի կազմում են նաև Հայաստանում, Աբխազիայում և Հս. Օսիայում տեղակայված ռազմաբազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *