Սեպտեմբերի 16-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրություն մեջ նշվում է, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:

Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի ուղղությամբ հայկական կողմի կրակից վիրավորվել է ենթասպա Ալիև Ռենաթ Էլդար օղլուն (Əliyev Renat Eldar oğlu)։ Սակայն ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել էր այս լուրը և ընդգծել, որ սահմանի այդ հատվածում հրադադարի ռեժիմը երեկ չի խախտվել, ո՛չ ՀՀ զինված ուժերի կողմից, ո՛չ էլ հակառակորդի կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *