Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկի զինծառայողը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի Սենակի շրջանում տեղակայված 2-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողներից մեկի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս (COVID-19), սակայն զորամասում կարանտին չի հայտարարվել, քանի որ վարակվածը ծառայակիցների հետ չի շփվել։

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ վարակված զինծառայողը եղել է Աջարիայում, որն այս պահին համարվում է Վրաստանի կորոնավիրուսային վարակի տարածման ամենախոշոր կետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման պատճառով Վրաստանի ՊՆ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով խստացվել էին երկրի ՊՆ-ում հակահամաճարակային միջոցառումները։ Մասնավորապես, նախարարը հանձնարարել էր բոլոր անցակետերում պարտադիր ջերմային զննում սահմանել, փակ տարածքներում պարտադիր դիմակ դնել, արձակուրդ գնացողներին կոչ էր արել խուսափել «ռիսկային գոտիներ» ճանապարհորդելուց, իսկ վարակման կիզակետից վերադառնալուց հետո պարտադիր ինքնամեկուսանալ, ապա՝ թեստավորվել։

Հավելենք, որ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակն այս պահին վատթարանում է․ վերջին երկու շաբաթում երկրում նոր վարակակիրների գրանցման հակառեկորդներ են գրանցվում։ Այսօր երկրում վարակ է հաստատվել 196 անձի մոտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *