Թուրքիայում 66 զինվորականի ձերբակալման որոշում են կայացրել

Սեպտեմբերի 15-ին Իզմիր գլխավոտ դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Թուրքիայի զինված ուժերի 66 ծառայողի, որից 48-ը՝ գործող զինվորական են։ Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Գյուլենական» կազմակերպության (FETÖ) հետ կապի համար։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Զինծառայողներից 19-ը ցամաքային ուժերից են, 18-ը՝ ռազմաօդային, 24-ը՝ ժանդարմերիայի, 3-ը՝ ռազմածովային և 2-ն՝ առափնյա պաշտպանությունից են։

Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորականների լայնածավալ ձերբակալություններ սկսվել են 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Դրա կազմակերպման համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ֊ում բնակություն հաստատած իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա աջակիցներին, որոնց անվանել են Գյուլենականներ։ 2020թ. օգոստոսի 28-ի դրությամբ, ըստ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի, Գյուլենականների հետ կապի համար ձերբակալվել կամ պաշտոնանկ է արվել մոտ 20 հզ ծառայող։

Գյուլենը նաև մեղադրվում է երկար ժամանակ Թուրքիայի զինված ուժերում և պետհամակարգում իր կադրերի ներգրավման համար։ Դա էր պատճառը, որ հեղաշրջման փորձից հետո մի շարք պաշտոնանկություններ և հեռացումներ եղան նաև ԶՈւ ԳՇ ենթակայության տակ գործող ռազմակրթական հաստատություններից։ Դրանք նաև դուրս բերվեցին ԶՈւ վերահսկողությունից և մտցվեցին ՊՆ կազմի մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *