Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսից Ռուսաստան է մեկնել «Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումը։ Զինծառայողներին հրահանգավորել և համապատասխան հանձնարարականներ է տվել ԲԿ հրամանատար գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Զորավարժությունը մեկնարկելու է սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի հարավում։ «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցելու են 6 երկրներ՝ Հայաստան, Ռուսաստանը, Բելառուս, Չինաստան, Մյանման և Պակիստանը։ Նշենք, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով Հնդկաստանը հրաժարվել էր իր մասնակցությունից։
Զորավարժությանը ընդհանուր առմամբ ներգրավված են մոտ 80 հազար զինծառայողներ, իսկ Ադրբեջանի, Շրի Լանկայի, Ինդոնեզիայի, Իրանի, Տաջիկստանի և Ղազախստանի ներկայացուցիչները հանդես կգան դիտորդի դերում։
Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանին այս զորավարժությանը պատրաստելու համար հուլիսին Ռուսաստանում անցկացվեց միանգամից 4 ռազմական շրջանների մասնակցությամբ զորավարժություն։