Նախատեսվում է մոտ 100 հազար կամավորի անդամակցում աշխարհազորին․ փոխնախարար

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը աշխարհազոր ստեղծելու մասին օրենքի նախագծի հետ կապված պատասխանեց լրագրողների հարցերին։ Ստորև կներկայացնենք մամուլի ասուլիսի ընթացքում հնչած առավել կարևոր հարցերին։

Օրենքի նախագիծը նախատեսում է, որ կազմավորվող աշխարհազորային զորամիավորման հրամանատարը լինելու է տվյալ քաղաքի (մարզի, վարչական շրջանի, գյուղական համայնքի) ղեկավարի տեղակալը։ Փոխնախարարը մանրամասնեց, որ տվյալ պաշտոններում նշանակվելու են զորացրված ու համապատասխան գիտելիքներ ու կոչումներ ունեցող սպաներ։

Աշխարհազորային զորամիավորմանը կարող են անդամակցել մինչև 70 տարեկան անձինք, իսկ նախնական գնահատականներով ՊՆ-ն նախատեսում է մոտ 100 հազար կամավորի անդամակցում աշխարհազորին։ Աշխարհազորայինների համար գործելու է զինծառայողներին հասանելիք սոցիալական ապահովման ծրագրերը։

Հարց հնչեց, թե աշխարհազորի կազմավորելուց հետո ինչ է լինելու Երկրապահ կամավորական միության հետ, որին ի պատասխան Բալայանը նշեց, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է համաձայն իր կանոնադրության և աշխարհազորն ու ԵԿՄ-ն փոխլրացնող կառույցներ են։

Աշխարհազորին կարողանալու են անդամակցել նաև կանայք, թեև նրանք առաջին փուլում չեն մասնակցի մարտական գործողությունների։ Իսկ այն անձինք, ովքեր զորացրվելուց հետո որպես պահեստազոր կցագրված են որևէ զորամասի, աշխարհազորին նրանք չեն կարողանալու անդամակցել։

Բալայանը վստահեցրեց, որ ստեղծվող աշխարհազորի համար ուսումնասիրել են միջազգային փորձը, ու կարողացել են ստեղծել «հայկական մոդելը»։ Աշխարհազորայինների համար գործելու են զինծառայողների համար գործող կանոնադրությունները (Ներքին ծառայության կանոնագիրք, Կարգապահական կանոնագիրք)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *