Թուրքիան Լիբիայում ռազմաբազա չի կառուցում. Թուրքիայի ՊՆ

Թուրքիան Լիբիայում ռազմաբազաներ չի կառուցում, դրանք զորավարժարաններ են։ Թուրք մասնագետները վերապատրաստում են լիբիացի մասնագետներին նոր զորավարժարաններ կառուցելու համար։

Այս մասին օգոստոսի 27-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության եթերում հայտարարել է Հուլուսի Աքարը։ Թուրք նախարարը կրկին հայտարարել է, թե Լիբիայում թուրքական զինված ուժերի հիմնական գործառույթը ռազմական պատրաստության հարցում լիբիացի մասնագետներին օգնելն ու խորհրդատվություն տրամադրելն է։

Աքարը նաև հավելել է, որ Թուրքիան աջակցում է լիբիական հակամարտության կարգավորմանն ուղղված Բեռլինյան գործընթացին, դեմ է խնդրի ռազմական ճանապարհով լուծմանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում տեղեկություններ էին տարածվում, որ Թուրքիան Լիբիայում նոր ռազմաբազաներ է կառուցում։ Օրինակ՝ թուրքական «Յենի շաֆաք» թերթը գրում էր, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են մոտ ժամանակներս Լիբիայում երկու մշտական տեղակայման ռազմաբազա կառուցել։

Ենթադրվում է, որ ռազմաբազաներից առաջինի համար կօգտագործվի ալ-Վաթիյա ավիաբազայի տարածքը, որը մայիսի 18-ին թուրքական ուժերի աջակցությամբ գրավեց Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությունը»։ Ըստ աղբյուրի՝ այստեղ այժմ թուրք զինվորներն ականազերծման և վերանորոգման աշխատանքներ են իրականացնում։ Իսկ միջերկրածովյան Միսրաթա նավահանգստում կտեղակայվի ռազմածովային բազա։

Նշվում էր, որ նոր ռազմաբազաներն ապահովելու են նաև Լիբիայի տարածքային ջրերում թուրքական նավերի անվտանգությունն, ինչը կարևոր է հատկապես Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած հորատման աշխատանքների համար։

Ըստ աղբյուրի՝ այս ռազմաբազաներում տեղակայվելու են թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և ՀՕՊ համակարգեր, որոնք ներգրավված են եղել Լիբիայի արևելքում գործող գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) դեմ մարտերում։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *