Գերմանիայի ԶՈւ ինքնաթիռով, բժիշկների հսկողությամբ Աֆղանստանից Վրաստան է տեղափոխվել այնտեղ ծառայություն իրականացնող վրացական զորախմբի 28 զինծառայող, ում մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս:
Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը: Հայտարարության մեջ նշվում է, որ նախքան Վրաստան տեղափոխելը 28 հոգին Աֆղանստանում մեկուսացված են եղել և չեն վտանգել զորախմբի մնացած անդամներին: Այնուամենայնիվ՝ մնացած զինծառայողներն էլ երկիր վերադառնալուն պես մնալու են երկշաբաթյա կարանտինում:
Զինծառայողներին տեղավորելու են Գորիի զինվորական հոսպիտալում, որը մարտի սկզբին վերածվել էր կարանտինային գոտու: Զինծառայողների ինքնազգաղոցությունը լավ է, չկան գանգատներ ու բարդացումներ:
Հիշեցնենք, որ Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանում են ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության շրջանակներում: Նույն առաքելությանը ռոտացիոն սկզբունքով մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի շուրջ 130 զինծառայող: