Հուլիսի 2-ին Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտնել էր Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի արդյունքում վնասվել էր շինություն:
Իրանցի պաշտոնյան միջադեպից այլ մանրամասներ չէր ներկայացրել, միայն նշէլ էր, որ օբյեկտը շարունակում է գործել, և մարդկային կորուստներ չկան: Միջադեպի վայրից, այնուհետև հրապարակվում է լուսանկար, որտեղ արդեն երևում էր, որ շինությունում եղել էր հրդեհ, կամ առավել հավանական է՝ պայթյուն:
Լուսանկարով հնարավոր է լինում նաև տեղորոշել շինության վայրը, ինչից պարզ է դառնում, որ շինությունը Նաթանզում է՝ միջուկային օբյեկտի կազմում:
Վաշինգթոնի «Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի» դեռևս 2017թ. հրապարակված զեկուցներից մեկում անդրադարձ կար նաև հենց այս շենքին, որը որակվում էր, որպես ցենտրիֆուգների հավաքման արտադրամաս: Նշվում էր նաև, որ շինարարությունը սկսվել էր 2012-ի երկրորդ կեսին: Այս պնդումը հաստատվում է նաև արբանյակային լուսանկարներով:
Շինության՝ ցենտրիֆուգների հավաքման արտադրամաս լինելը արդեն ավելի ուշ՝ հունիսի 6-ին հաստատում է Բեհրուզ Քամալվանդին՝ նշելով, որ վայրում կային չափման սարքավորումներ և ճշգրիտ գործիքներ, որոնք միջադեպի պատճառով ոչնչացել են:
Միջադեպի առիթով Իրանի անվտանգության մարմիններում, ինչպես նաև խորհրադրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում ընթանում է հետաքննություն: Չնայած դեռևս պատճառների վերաբերյալ պաշտոնական կարծիք չկա, շրջանառվում են տարբեր վարկածներ, այդ թվում՝ Իսրայելի ներգործության վարկածը, ընդ որում տարբեր կարպ:
Օրինակ՝ «մերձավորարևելյան հետախուզությունից» New York Times-ի անանուն աղբյուրը պնդում է, որ իսրայելական հատուկ ծառայություններն են ռումբ տեղադրել շինությունում, կա նաև ԱԹՍ-ով օդային հարձակման վարկածը: Նշենք, որ, ամեն դեպքում, սրանք վարկածներ են և հիմքում դեռևս ապացուցողական բազա չունեն: