Դավիթ Տոնոյանը «Կարմիր խաչի» ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող մեր քաղաքացիների հարցը

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Քննարկել են Ադրբեջանում ոչ ինքնակամ հայտնված և անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արա Ղազարյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցեր, կարևորել Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը՝ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների անդամների հետ նամակագրության ապահովման նպատակով: 

Անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրների:

Հիշեցնենք, որ Արա Ղազարյանը Ադրբեջանում էր հայտնվել 2019-ի օգոստոսին, իսկ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն էլ Ադրբեջանում հայտնվել էր 2018-ի հուլիսին: Ադրբեջանական կողմը բեմադրել էր դատավարություն և մեր քաղաքացուն դատապարտել 20 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *