Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանը» ենթակա Տրիպոլիի ռազմական քոլեջի 190 կուրսանտներ ուսում ստանալու նպատակով մեկնել են Թուրքիա։ Կուրսանտների երկու խումբը Թուրքիա է մեկնել ուրբաթ օրը՝ հուլիսի 3-ին։
Այս մասին հայտնել է քոլեջի խոսնակ Սաիդ ալ-Մալթին, փոխանցում է Middle East Monitor լրատվակայքը։ Նա նշել է, որ կուրսանտներից 25-ը նորակոչիկներ են և սովորելու են 22 ամիս, իսկ 165-ն իրենց ուսումն ավարտին հասցնելու նպատակով պետք է սովորեն 5 ամիս։
Նշենք, որ այս տարվա հունվարին Տրիպոլիի ռազմական քոլեջը Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) կողմից ենթարկվել էր հրթիռային հարձակման, որի հետևանքով զոհվել էր 30 կուրսանտ, ևս 33-ը՝ վիրավորվել:
Հավելենք, որ 2019 թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի և Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) միջև ստորագրվել էր «Անվտանգության և ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր, որը Թուրքիայում վավերացվեց դեկտեմբերի 25-ին։
Այս համաձայնագրի հիման վրա էլ Թուրքիան 2020 թ. հունվարից պաշտոնապես սկսեց զորք ու զինտեխնիկա ուղարկել Լիբիա՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» դեմ կռվելու։
2011թ. Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։