Թուրքիայում 2016թ. Սիրիա ներխուժելուց առաջ վերանայել են Հայաստանի դեմ ռազմագործողության պլանը

2016թ. օգոստոսի 24-ին Թուրքիան առաջին անգամ ներխուժեց Սիրիայի տարածք ու սկսեց «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որից հետո մինչ այսօր թուրքական բանակը ներգրավված է Սիրիայի պատերազմում։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ֊ից գաղտնազերծված փաստաթղթերից երևում է՝ մինչ Սիրիա ներխուժելը, Թուրքիայում վերանայել են մի քանի երկրի, այդ թվում՝ Հայաստանի ու Հունաստանի դեմ իրենց ռազմական գործողությունների պլանները։ Դրանով Թուրքիան փորձել է գնահատել Սիրիայի սահմանին զորք մոտեցնելու դեպքում երկրի մյուս սահմանների ռիսկերը, այդ սահմաններին տեղակայված զորքի քանակն ու հնարավորությունները։

Գլխավոր շտաբի գաղտնի փաստաթղթերը հունիսի 15-ին հրապարակել է ստոկհոլմյան Nordic Monitor կենտրոնը։ Հրապարակված փաստաթղթերից մեկում երևում է աղյուսակով ներկայացված երկու գործողության անուն․ «Չաքաբեյ» կոչվող գործողությունը՝ Հունաստանի, իսկ «Ալթայ» կոչվող գործողությունը Հայաստանի դեմ։

Հայաստանի ու Հունաստանի դեմ գործողությունների անուններն ու հրապարակման ամսաթվերը
Հայաստանի ու Հունաստանի դեմ գործողությունների անուններն ու հրապարակման ամսաթվերը

Հետաքրքիր է, որ աղյուսակում, բացի Հայաստանից ու Հունաստանից, երևում են նաև նույն ձևաչափով գրված այլ տողեր (մոտ 7-ը), որոնք փակված են համակարգչային հատուկ ծրագրով։ Աղբյուրն այս տողերին չի անդրադառնում, սակայն մենք ենթադրում ենք, որ փակված տողերում կարող են լինել Թուրքիայի հետաքրքրության շրջանակում եղող այլ երկրներ և այդ երկրների դեմ ռազմական գործողությունների անուններ։

Պրեզենտացիայում Հունաստանի դեմ գործողության պլանի հրապարակումը թվագրվում է 2014թ. հունիսի 13 ամսաթվով, ըստ հեղինակի, այն կա՛մ թարմացվել, կա՛մ վերջնական տեսքի է բերվել հենց այդ ժամանակ։

Գործողությունների պլանի մասին վկայող փաստաթղթերը գաղտնազերծվել են 2016թ. օգոստոսին, երբ Թուրքիայում դրանից 15 օր առաջ տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ։ Օգոստոսի 1-ին ռազմական հեղաշրջման փորձի քրեական գործով սահմանադրական կարգի խախտմամբ հանցագործությունները քննող դատախազը պահանջել է իրեն ներկայացնել վերջին երկու ամսում (օգոստոսի 1-ից երկու ամիս առաջ) Թուրքիայի ԶՈւ ԳՇ անձնակազմի ներքին ամբողջ նամակագրությունը, այդ թվում՝ գաղտնագրվածները, որտեղից էլ փաստաթղթերը գաղտնազերծվել են։

Ելնելով նրանից, որ Հունաստանի ու Հայաստանի դեմ գործողությունների մասին պատմող պրեզենտացիան գաղտնազերծվել է 2016թ. օգոստոսի 1-ից երկու ամիս առաջվա նամակագրությունից, կարելի է ենթադրել, որ այն 2016թ. օգոստոսից առնվազն երկու ամիս առաջ շրջանառվել է գլխավոր շտաբի ներքին նամակագրությամբ։

Հայաստանի դեմ «Ալթայ» կոչվող ռազմական գործողության պլանի մասին շվեդական աղբյուրը գրել էր նաև 2019թ. նոյեմբերին՝ կրկին հրապարակելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ գաղտնի փաստաթղթեր։ Անցած անգամ նշվում էր, որ Թուրքիան Հայաստանի դեմ 2001թ. պլանավորել է ավիացիոն աջակցությամբ ռազմական գործողություն։ Ըստ գաղտնազերծված փաստաթղթերի՝ Հայաստանի դեմ 2001թ. գործողության պլանը Թուրքիայում վերանայել ու ուսումնասիրել էին 2016թ. մայիսին։

Նախկինում նույնպես նշել ենք, որ հարևան երկրի դեմ ռազմական գործողության պլան ունենալը ընդունված պրակտիկա է, և այս առումով հատկապես բացառություն չէ մշտապես պատերազմող Թուրքիան։ Գրեթե բոլոր երկրների պաշտպանական գերատեսչությունները ունենում են հարևան երկրի տարածքից հնարավոր հանկարծակի հարձակման դեպքում արդեն իսկ մշակած գործողությունների պլան։ Այդ նպատակով հարևան երկրները մշտապես հետևում են միմյանց` մշտադիտարկելով երկրում կատարվող իրադարձությունները` քաղաքական իրադրությունից մինչև ենթակառուցվածքների կառուցում և զարգացում, և թարմացնում են մշակված պլանները։

2019թ. հրապարակված փաստաթղթերի արտահոսքից, սակայն, մեկ այլ հարց էր ծագել․ ինչո՞ւ է Թուրքիան Հայաստանի դեմ գործողության պլանը 2001թ-ից հետո թարմացրել միայն 2016թ․ մայիսին։

Նյութի հեղինակն այս անգամ ենթադրում է, որ պրեզենտացիան այդ շրջանում ներկայացվել է ԳՇ ղեկավարությանը որպես Սիրիայում զարգացող գործողությունների արտակարգ պլան։ Ավելի հստակ՝ Թուրքիայում փորձել են հասկանալ, թե ինչպես կարող են վերաբաշխել իրենց զորքը՝ Սիրիայի սահմանին մոբիլիզացվելու դեպքում։

Եվ այս կոնտեքստում ուշագրավ է փաստը, որ Սիրիա թուրքական առաջին ներխուժումը եղավ հենց 2016թ. օգոստոսի 24-ին, ինչից ելնելով մենք ևս ճշմարտանման ենք համարում ենթադրությունը, որ Թուրքիան, Սիրիա ներխուժումից առաջ, փորձել է թարմացնել և դիտարկել արտակարգ պայմաններում հարևան, ինչպես նաև այլ երկրների (աղյուսակի փակված տողերը) դեմ ռազմական գործողությունների պլանները։

Ընդհանրապես՝ Թուրքիայում, ոչ պաշտոնապես, առաջ է քաշված ռազմական այն կոնցեպտը, որ երկրի բանակը կարող է միաժամանակ վարել «2,5 պատերազմ»։ Այսինքն՝ զորքը կարող է միաժամանակ կռվել 2 տարբեր երկրի դեմ, և ևս «կես» պատերազմ վարել երկրի ներսում քրդական զինյալների ջոկատների դեմ։ Այդ երկու «վտանգ ներկայացնող» երկիրը հիմնականում դիտարկվում են Հունաստանն ու Սիրիան։ Մինչ 90֊ականները Թուրքիայում քննարկվում էր «1,5 պատերազմի կոնցեպտը», քանի դեռ միակ վտանգը Թուրքիան սպասում էր Հունաստանից ու քրդերից։

Կարևոր է նշել, որ այսօր Թուրքիան թեև ոչ մեծ պատերազմներ, սակայն ռազմական գործողություններ է վարում երեք երկրում՝ Լիբիայում, Իրաքում ու Սիրիայում։ Սրան գումարվում է նաև երկրի ներսում քրդերի հետ բախումները, որոնք առայժմ այնքան մեծ չեն, ինչքան նախկինում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *