ՊՆ-ն դատարանի որոշմամբ կվճարի պահեստազորի սպայի արձակուրդայինները

ՀՀ վարչական դատարանը 2019 թվականի վերջին Պաշտպանության նախարարությանը պարտավորեցրել էր տրամադրել պահեստազորի սպա, մայոր Ցոլակ Խաչատրյանի ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց դրամական հատուցում։ Սպան բողոքում է, որ գումարը մինչ այժմ չի փոխանցվել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը փոխանցում է, որ Պաշտպանության նախարարությունը դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով որոշ ծրագրեր կրճատել է և գումարը կվճարի առաջիկայում, երբ զինծառայողը կտրամադրի բանկային տվյալներ։

Հունիսի 20-ին Ռազմինֆոյի հետ զրույցում Ցոլակ Խաչատրյանն ասաց, որ իր բանկային տվյալները արդեն պաշտպանության նախարարության մոտ են։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել էր զինծառայողի պահանջը և որոշել պարտավորեցնել Պաշտպանության նախարարությանը Ցոլակ Խաչատրյանին տրամադրել ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց դրամական հատուցում և հաշվարկվող օրական տույժ` վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով։ Մայորի խոսքով՝ գումարի չափը ընդհանուր կազմում է մոտ 14 միլիոն դրամ։

Դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դառնում, որ Ցոլակ Խաչատրյանը ի սկզբանե պահանջել էր 307 արձակուրդային օրվա դիմաց փոխհատուցում, որից 30 օրվա հաշվարկը դատարանը անհիմն էր համարել, և ՊՆ-ին պարտավորեցրել վճարել 277 օրվա համար։

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել դատարանի վճիռը և մերժել Ցոլակ Խաչատրյանի ներկայացրած հայցն ամբողջությամբ։ Վերաքննիչ դատարանը իր հերթին սահմանել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության պահանջներն ամբողջությամբ անհիմն են և ենթակա մերժման։

Սպան նույնպես բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, և վերաքննիչ դատարանը մասանակիորեն բեկանել էր նախկինում կայացված դատական վճիռը և փոփոխել՝ կայացնելով նոր դատական ակտ, համաձայն որի՝ դատարանը ՊՆ-ին պարտավորեցնում է Ցոլակ Խաչատրյանին տրամադրել արդեն 288, 6 օրվա դիմաց դրամական հատուցում և յուրաքանչյուր օրվա նկատմամբ հաշվարկվող տույժ` վճարման ենթակա գումարի օրական 0,15 տոկոսի չափով։

ՊՆ կողմից դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելուց ավելի վաղ հարցն ուղարկվել էր Սահմանադրական դատարան, որը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը ճանաչել էր հակասահմանադրական։ Հոդվածով սահմանվում էր, որ միայն վերջին 2 տարիների արձակուրդայինի համար կարող է փոխհատուցվել նախկին զինծառայողը: Պաշտպանության նախարարությունը առաջնորդվում էր հենց այդ հոդվածով։

Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ-ից՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսանելուց հետո։ 2014թ.-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը): Զինծառայողը նշում է, որ իր հանդեպ կատարվել է օրենքի սխալ կիրառելիություն։ Հենց 2014թ.-ին էլ դատապարտման հիմքով լուծվել է նրա պայմանագիրը: Հիմնականում ծառայությունն իրականացրել է Քարվաճառում։

Մայոր Ցոլակ Խաչատրյանը. լուսանկարը՝ Hetq.am-ից
Մայոր Ցոլակ Խաչատրյանը. լուսանկարը՝ Hetq.am-ից

ՊՆ կողմից գումարի վճարումն ուշացնելու հարցը հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատուսխանի ժամանակ բարձրացրել էր ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *