Կիպրոսի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է զեկույց, որում արտացոլվել են կղզում զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ։
Ըստ զեկույցի՝ կղզու հյուսիսային հատվածում, որը բռնազավթել է Թուրքիան և ստեղծել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», 2001-2012 թվականներին տեղակայված է եղել 36 հազար զինծառայող։ Սակայն վերջին տարվա ընթացքում Թուրքիայն օկուպացրած շրջանում զինծառայողների թիվն ավելացրել է 7 հազարով և ներկայում այն կազմում է 43 հազար մարդ։
Կիպրաբնակ թուրքերի թիվը կազմում է 5 հազար մարդ, իսկ պահեստազորը՝ 26 հազար մարդ։ Այսպիսով, գործող զինված ուժերի և պահեստազորի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար մարդ։
Կիպրոսի մյուս հատվածի զինված ուժերը, այդ թվում նաև Հունաստանի ԶՈւ ստորաբաժանումները միասին կազմում են 62.950 մարդ։
Ներկայացվել է նաև Կիպրոսում տանկերի քանակը։ Հունական հատվածում կա 221 տանկ, իսկ թուրքերի օկուպացրած հատվածում՝ 349 տանկ։
Կիպրոսի տարածքում տեղակայված Մեծ Բրիտանիայի երկու ռազմաբազաներում համապատասխանաբար կա 1.678 և 855 մարդ։
Նշենք, որ Թուրքիան Կիպրոսի հյուսիսը բռնազավթել է 1974 թվականին և մինչ օրս այն պահում է օկուպացիայի տակ։