Այս ժամին քեռիս դեռ կենդանի էր. 21 տարի առաջ զոհվեց Դուշման Վարդանը

Առավոտյան ժամը 11։30-ին մի խումբ երիտասարդներ բարձրանում էին Եռաբլուր։ Աղջիկներից մեկը պայուսակից հանեց եռագույնը ու գցեց կողքի աղջկա ուսերին։ Հանկարծ լսվեց. «Այս ժամին քեռիս դեռ կենդանի էր, իսկ տատս Սուրբ Սարգիսում մոմ էր վառում»,- Դուշման Վարդանի քրոջ աղջիկն էր՝ Անահիտը։

Դուշմանի քրոջ աղջիկը՝ Անահիտը

Դուշմանի քրոջ աղջիկը՝ Անահիտը

Այսօր՝ հուլիսի 3-ին, Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) մահվան 21-րդ տարին էր։

Եռաբլուրում հավաքվել էին հերոսի ընտանիքը՝ մայրը, քույրը, մարտական ընկերներն ու մի խումբ երիտասարդներ։

Պանթեոնն անսովոր մարդաշատ էր։ Մարտական ընկերները գալիս, բարևում էին Վարդանի մորը, խումբ-խումբ կանգնում ու սկսում հիշել, վերհիշել 21 տարի առաջ կատարվածը։

Dushman 2

Դուշմանի մայրը՝ տիկին Զարիկը նշեց, որ Վարդանը ուղղակի ֆիզիկապես մեզ հետ չէ, նա կենդանի է։ Վարդանը կենդանի էր հավաքված երիտասարդների երգերում։

Դուշմանի մարտական ընկերը՝ Տիգրան Դավթյանը (Բետոն Տիկո) հիշում է. «Այն ժամանակ դաշնակցականները ծպտյալ էին։ Վարդանը առաջինն էր իրենցից։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ Արցախի մարզը պիտի միանա Հայաստանին»։

«Ես երգիչ էի, բայց Դուշմանը կռվի երգեր չէր սիրում. մենակ էն անուշ երգերը՝ առաջին սիրո երգն էինք երգում։ Բոլորս ուսանող էինք, ու այդ ուսանողական շարժմանը Դուշմանի նման տղերքը թափ տվեցին»,-պատմում է Տիգրան Դավթյանը։

Կամաց-կամաց մեր շուրջը հավաքվեցին Դուշմանի մարտական ընկերները։ Մեկը մյուսին լրացնելով, կռվի հումորներից ու դեպքերից սկսեցին պատմել, ասել, թե ինչպիսի մարդ ու ռազմական գործիչ էր Դուշման Վարդանը։

Դուշման Վարդանի մարտական ընկերները

Դուշման Վարդանի մարտական ընկերները

«Ինքը ականներից հասկանում էր, միևնույն ժամանակ անընդհատ կարդում էր։ Ուներ սեփական գրականություն»,- պատմում է Թել Արմենը։

«Ամեն անգամ, երբ պոստի էր կանգնում, այնպես էր սիրունանում, իսկական զինվորականի նման։ Նա օրինակ էր, թե ինչպիսին պիտի լինեինք մենք»,- նշեց Դավթյանը։

Խոսեցին նաև Ճտերի ջոկատից։ Դուշմանը 16-17 տարեկան տղաների էր հավաքել Նորագյուղի ուսումնական կենտրոնում,  պարապում էր։
Հետո ծայր առան հետաքրքիր դեպքերի պատմությունները։ Ազատամարտիկներն իրենք էլ իրար պատմում, հիշեցնում էին՝ «հիշո՞ւմ ես 91 թվին…», «Պիժ, գերիների հետ, որ գնացել էինք ջուր բերելու, հիշո՞ւմ ես»…

«Ես ԲՄՊ քշել չգիտեի։ Ինքը քշեց, տեխնիկայից չէր վախենում։ Առաջին անգամ տեսներ՝ քանդում էր, հավաքում։ Հայտնի կրակոց ուներ։ Աֆղանստանում ժամանակին այդպես էին կրակել։ Հետո Արցախում Աֆղանստանում ծառայած մեկը գտել էր Դուշմանին կրակոցի ձևով»,- վերհիշում է Դավթյանը։

«Խոջալուի դեպքերը, որ հիմա աղավաղում են, այնտեղ էինք մենք։ Գերիներ ունեինք, որոնց մեջ կանայք ու երեխաներ էին։ Դուշմանը փոշի կաթ ուներ, կոկորդը բորբոքված էր, խմում էր։ Մեկ էլ տեսանք ջրով բացել գերիների երեխաներին է կերակրում։ Մենք գերիներին լավ ենք վերաբերվել»,- նշեց Թել Արմենը։

Dushman 3

Մարտական ընկերները հիշում են. «Երազում էր Մասիսը ազատագրել։ Չնայած զգում էր, որ ականի վրա է պայթելու։ Այդպես էլ եղավ»։

Վարդանը զոհվեց Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի պաշտպանության ժամանակ՝ ականի պայթյունից։ Նրա հետ զոհվին նաև Արմեն Երիցյանը (Երո) և Արայիկ Ավագյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *