Թուրքիան Իդլիբում նոր զինտեխնիկայի համալրումներ է իրականացնում

Մայիս ամսվա վերջին Թուրքիան նոր զրահատեխնիկա է ուղարկել սիրիական Իդլիբ։ Ըստ թուրքական մամուլի՝ այս անգամ ուղարկվել է 17 միավոր ռազմական մեքենա։ Մատակարարվող զինտեխնիկայի մեջ են թուրքական արտադրության ցածր հեռահարության «Աթըլգան» (Atılgan) ՀՕՊ համակարգերը և ամերիկյան արտադրության M107 ինքնագնաց հաուբիցները։

Տեխնիկան մատակարարվում է Թուրքիայի հարավային Ղազիանթեփ նահանգի մեխանիզացված հրետանու ստորաբաժանումից։ Այստեղից այն ուղարկվում է թուրք֊սիրիական սահմանին կից թուրքական Հաթայ նահանգ, որտեղից էլ տարվում է Իդլիբ։

«Российская газета» թերթը, գրում է, որ սոցցանցերում ռազմական թեմաներով զբաղվողներին զարմացրել է հատկապես ամերիկյան M107 հաուբիցի մատակարարումը, որի տրամաչափն այսօր հազվադեպ հանդիպող է՝ 175 մմ։

Ըստ թերթի՝ այս մատակարարումը զարմանալի է նրանով, որ Թուրքիայի ԶՈւ֊ն ունի մոտ 300 միավոր տեղական արտադրության ժամանակակից 155 մմ տրամաչափի «Ֆըրթընա» (Fırtına) ինքնագնաց հրետանային համալիրներ, որոնք ժամանակին օգտագործվել են ինչպես ԻՊ, այնպես էլ Սիրիայի կառավարական ուժերի դեմ։

Այնուամենայնիվ՝ թուրքական կողմը Սիրիայում տեղակայել է նաև «Ֆրթնաներ»: Այդ մասին են վկայում նաև մի քանի օր առաջ արված արբանյակային լուսանկարները, որտեղ երևում է, որ Իդլիբով անցնող Մ4 մայրուղու մոտակայքում տեղակայված են թուրքական «այդ հրետանային միջոցները։

Բացի այդ, ռուսական աղբյուրը գրում է՝ M-107 ինքնագնաց համալիրներից Թուրքիայի ԶՈւ ենթակայության տակ կա ընդամենը 36 միավոր, և, ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը որոշել է դրանք օգտագործել սիրիական «թեժ շրջանում», մինչև կսպառվեն դրանց ռեսուրսները։ Ինչպես նաև՝ չի բացառվում, որ դրանք Սիրիա են ուղարկվել Իդլիբի պրոթուրքական ուժերին տալու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *