Սաֆար Աբիևը կրկին խնդրել է ԱՄՆ-ին վերացնել 907-րդ փոփոխությունը

Ինչպես Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր,  հուլիսի 1-ին Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրասիայի գծով տեղակալ Էվելին Ֆարկոսին՝ քննարկելու համար երկկողմ համագործակցության հեռանկարները։

Այսօր՝ հուլիսի 2-ին, Ֆարկոսի հետ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

Սաֆար Աբիևը, ինչպես և մյուս հանդիպումների ժամանակ, խոսել է «տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված իրավիճակի» մասին՝ խնդրելով «վերացնել 907-րդ փոփոխությունը, որը խոչընդոտ է հանդիսանում երկու երկրների միջև առավել սերտ համագործակցություն սահմանելու գործընթացում»։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Հիշեցնենք, որ 1992-ի հոկտեմբերի 24-Ին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց այսպես կոչված «Ազատության աջակցման ակտը» (Freedom for Russia and Emerging Eurasian Democracies and Open Markets Support Act or «Freedom Support Act»), որն ուղղված էր Խորհրդային միության փլուզման արդյունքում առաջացած նորանկախ հետխորհրդային հանրապետություններում ազատ շուկայական տնտեսությունների ու ժողովրդավարական բարեփոխումների աջակցման ամերիկյան ծրագրերի իրականացմանը։

ԱՄՆ հայ լոբբիստների և լոբբիստական խմբերի արդյունավետ գործունեության շնորհիվ՝ փաստաթղթում առանձին կետով ամրագրված է հայտնի 907-րդ բանաձևը, որը, փաստորեն, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ տնտեսական ու քաղաքական շրջափակմանը հակազդելու միջոց է։ Համաձայն «Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում» («Restriction on Assistance to Azerbaijan» ) 907-րդ բանաձևի՝ ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչև նախագահի կողմից որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է փաստարկված քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ։

2001-ից բանաձևը փոփոխությունների է ենթարկվում՝ հօգուտ Ադրբեջանի, սակայն այն լիովին չի վերացվել։ 2012-ի հոկտեմբերին ԱՄՆ Տեխաս նահանգի ադրբեջանամետ կոնգրեսականները դիմել էին Ներկայացուցիչների պալատին՝ կոչ անելով վերացնել բանաձևը։ Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ևս նույն կոչով ցանկացած հնարավոր առիթի դեպքում դիմում է ԱՄՆ-ի պաշտոնյաներին, մասնավորապես 2010-ին Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպմանը Աբիևը՝ որպես Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների վրա բացասական ազդող գործոն՝ նշել էր հենց 907-րդ բանաձևը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *