Ապրել ծառայության հոգսերով և ծառայության մեջ. Հովհաննես Հարությունյան

Ռազմինֆոյի ուշադրության կենտրոնում բանակից զորացրված տղաներն են։ Մեր այսօրվա զրուցակիցը Հովհաննես Հարությունյանն է։ Նա ծառայել է հրթիռային դիվիզիոնում։

Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյան

— Երբ ստացաք զորակոչվելու ուղեգիրը, ինչպիսի՞ն էին տպավորությունները: Դուք բանակ էիք գնում 21 տարեկանում:

Ծառայության նկատմամաբ հետաքրքրությունը բավական մեծ էր այդ ժամանակ, քանի որ մինչև բանակ գնալս էլ զբաղվել եմ ուսումնասիրություններով՝ կապված բանակի հետ: Ճիշտ է՝ պատկերացումներ ունեցել եմ, բայց զորամաս մտնելուց հետո լրիվ այլ ձև է։ Ոգևորվածությամբ եմ գնացել:

— Շատերը, երբ 18 տարեկանում բանակ չեն գնում, մեծ տարիքում դժվարանում են: Ձեզ մոտ ինչպե՞ս էր։

Նույն կարծիքը չունեմ, որ 18 տարեկան գնացողի համար դժվարություններ չկան: 21 տարեկանում բանակ գնալն ունի իր առավելությունը: Ուսումնական զորամասերում ծառայում են հիմնականում բարձրագույնավարտները և դառնում են կրտսեր հրամանատարներ: Բանակում իրենց դերը ավելի կարևոր ու պատասխանատու է լինում որպես ավագ ընկեր: Բացի այդ, ես ավելի շատ բան հասցրել եմ անել 18-21 տարեկան հասակում, քան 21-24 տարեկանում: Սովորել, աշխատել, փորձ, կյանքի նկատմամբ պատկերացումներ: Մեծ տարիքում զորակոչվելն իր առավելություններն ունի: Մեծ տարիքում ավելի ըմբռնումով ես մոտենում, ավելի զգոն են լինում:

— Ընտանիքում ինչպե՞ս էր մթնոլորտը: Ո՞վ էր ամենահուզվածը:

Ընտանիքում մայրն է միշտ ամենահուզվածը: Ամեն կին չէ, որ կարող է զինվորի մայր կոչվել: Ոգևորվածություն կար, որ իրենք ունեն որդի, ով կծառայի ու կապահովի իրենց անվտանգությունը:

— Ինչպիսի՞ խորհուրդներ եք լսել:

Խորհուրդներ միշտ էլ եղել են, հիմնականում ընկերներից: Ամենամեծ խորհուրդը սա է` պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը: Մյուսներին նույնպես այդ խորհուրդը կտամ` ապրել ծառայության հոգսերով և ծառայության մեջ այդ երկու տարին, որովհետև և՛ հեշտ կանցնի, և՛ արդյունավետ:

— Մտովի տեղափոխվեք բանակային առաջին օրը: Ի՞նչ էր կատարվում:

Հենց առաջին օրն ես զգում, որ դու արդեն ծառայության մեջ ես: Երբ մտնում ես զորամաս, առավոտյան արթնանում ես 6:30-ին, համազգեստ ես հագնում առաջին անգամ, մարմնամարզություն ես անում, ճաշարան ես գնում: Բոլորի մոտ է այդ օրը տպավորվում: Ընդհանուր առմամբ բավականին հետաքրքիր օր էր:

— Իսկ առաջին օրը ինչի՞ն չէիք հարմարվում։

Ռեժիմն էր, երբ դու հանգիստ չունես: Քեզ տրվում է շատ կարճ ժամանակ, ու դու պիտի հասցնես կարճ ժամանակում ամեն ինչ հասցնել: Բացի այդ, պիտի հարմարվես նոր կոլեկտիվին:

— Ձեզ մոտ նոր կոլեկտիվին հարմարվելու ընթացքն ինչպե՞ս կարգավորվեց:

Ես ծառայեցի ուսումնական զորամասում, որտեղ ծառայում են բարձրագույնավարտ տղաներ: Շատ կային ծանոթներ, շփվեցինք, նոր մարդկանց հետ ծանոթացա: Զուտ ծառայությունը, զբաղվածությունը շատ ժամանակ կոնֆլիկտներից հետ պահեց: Բանակում ամեն մարդ սխալվում է իր ծառայության կազմակերպման ձևից: Ինձ մոտ նոր կոլեկտիվի հետ հարմարվել ստացվում է` ժամանակի հարց է:

— Բանակում ինչպե՞ս հարմարվեցիք, ադապտացիայի խնդիր կա՞ր։

Ամեն մեկն իր մեջ այդ շրջանները բաժանում է մի քանի փուլի: Սկսենք նրանից, որ երդում տալուց հետո ծառայությունը տեղափոխվում է լրիվ այլ հարթություն, մտնում է հիմնական ծառայության ռիթմի մեջ: Նորակոչիկ վիճակից դուրս գալը զինվորի համար կարևոր է: 6 ամիս ծառայելուց հետո դու այլևս նորակոչիկ չես: Իսկ հետո հասկանում ես՝ եկել ես, պիտի ծառայես: Նորմալ երևույթ է:

— Բանակում ի՞նչը կփոխեիք:

Ծառայության հանդեպ վերաբերմունքը: Գիտակցումը, թե ինչի համար է ծառայում: Ինչ խնդիրներ ունի մեր երկիրը, ինչի համար ենք ապրում:

— Իսկ այդ խնդիրը սպաների շրջանում է, թե՞ զինվորների:

Ավելի շատ զինվորների:

— Շատ տղաներ ծառայության 2 տարին կյանքի ու ժամանակի կորուստ են համարում: Քեզ մոտ ի՞նչ զգացողություն է:

Միանշանակ ոչ, կորուստ չէ: Այդ երկու տարին այնքան արագ է անցնում, որ իրենք էլ չեն նկատում: Ես բանակից եկել եմ ու չեմ զգում, որ ինչ-որ բանից հետ եմ մնացել: Ձեռք եմ բերել ընկերներ տարբեր տեղերից` Ռուսաստանից, Ամերիկայից, Սփյուռքից: Նրանք ինձ պես ժամկետային ծառայողներ էին, ու այդ կապը մինչև կյանքի վերջ կմնա: Դու քո ներկայությամբ ու ծառայությամբ գիտես, որ ինչ-որ մի գործ կատարեցիր քո երկրի համար, ու դա ամեն օր է լինում:

hovo 2

— Այն, որ դպրոցի ավարտական քննությունների պատճառով զորացրումը ուշացավ, ի՞նչ էր կատարվում զինծառայողների շրջանում:

Մենք, ճիշտն ասած, չգիտեինք, թե ինչու ընդհանուր զորացրումը ուշացավ, հետագայում իմացանք: Նորմալ էր, չնայած հենց այդ պահին իմանում ես, որ մի քանի օր ավել ես մնալու, ծանր է: Բայց հոգեբանական տեսանկյունից զինվորի մեջ ոչինչ չի փոխվում: Դրանով ոչ իր մարտունակությունն ընկավ, ոչ հոգեպես ճնշվեց: 2 տարի ծառայել ենք, 10 օրն ինչ է, որ չծառայենք (ժպտում է)։

— Բանակում սնունդն ինչպիսի՞ն էր։ Հարմարվել էիք:

Ընտիր: Ես առավոտյան նախաճաշն էի սիրում: Առավոտվա թեյն ամենահամովն էր:

— Ի՞նչ խնդիր ունի զինվորը բանակում:

Կենցաղային խնդիր հաստատ չկա: Կարող է լինել հոգեբանական խնդիրը: Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները պետք է ավելի նորացնեն իրենց աշխատելաոճը, զինվորներին բարոյահոգեբանական առումով լիարժեք բավարարեն: Դա նաև ցանկացած հրամանատարի գործն է: Անհատական մոտեցում ցանկացած խնդրի շուրջ: Խնդիրների մեծ մասն առաջանում են ընկճվածությունից: Բանակում ես կփոխեի կրտսեր հրամանատարների դերը: Օգտագործելով իրենց գիտելիքներն ու փորձը ավելի պատասխանատու եթե մոտենան, ապա դեպքերի մեծ մասը կարող են կանխարգելել: Զինվորին ամենամոտը կանգնած է իր կրտսեր հրամանատարը՝ իր ավագ ընկերը:

— Բանակում ի՞նչն էիք ամենաշատը կարոտում:

(Ծիծաղում է) Բոլորին, այն կյանքը, որտեղից եկել ես: Փողոցով քայլելն էլ ես կարոտում, ընտանեկան ջերմությունը, սիրած աղջկան: Անհաղթահարելի չէ, դա էլ է տղամարդու համար:

— Իսկ բանակում ի՞նչն էր ամենաշատը Ձեր դուրը գալիս:

Տեմպը, ռիթմը: Երբ ամբողջովին ծառայության մեջ ես, երբ այդ կյանքով ես ապրում: Բանակում շատ մարդիկ սովորում են ճիշտ տնօրինել ժամանակը: Այ այդ ռիթմն ու արագությունն էր դուրս գալիս: Վերջում քեզ տրված հանգիստն էլ վայելում ես, որովհետև վաստակել ես:

— Ազատ ժամանակն ինչպե՞ս էիք տնօրինում:

Ես սուրճ էի խմում: Հեռուստացույց էինք նայում: Խաղեր էինք կազմակերպում:

— Ինչպե՞ս եք վերաբերում աղջիկների ծառայությանը:

Նորմալ: Վաղ թե ուշ կգա ժամանակը, որ մեր աղջիկները կսկսեն ծառայել: Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ես պայքարում եմ աղջիկների ծառայության համար, այլ զուտ նկատում եմ՝ իմ շրջապատում ցանկանում են ծառայել բանակում: Կան շատ ձևեր, որտեղ աղջիկները կարող են իրենց արդարացնել, մանավանդ հայ աղջիկները: Այսպես պատասխանատվությունը տղաների մոտ ավելի կբարձրանա: Ով չի էլ ծառայել կասեն` տես աղջիկը ծառայել է, իսկ դու՝ ոչ: Ավելի պարտավորված կզգան: Ես նորից եմ ասում` կան ծառայության տարբեր ձևեր` թիկունքային ծառայություն, որտեղ շատ բան կա անելու: Համոզված եմ, որ շատ աղջիկներ կան, ովքեր տղաների չափ գիտակցված կարող են մոտենալ ծառայությանը:

— Իսկ ադապտացիա՞ն բանակից հետո։

Ես խնդիր չեմ տեսնում, շատ բան չի փոխվել ոչ իմ ընտանիքում, ոչ ընկերներիս մեջ։ Ամենաշատը մարդու մեջ է փոփոխություն լինում:

— Ի՞նչ եք պատրաստվում անել ծառայությունից հետո։

Սովորել մագիստրատուրայում ու աշխատել:

— Ո՞ր մասնագիտությամբ։

ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ազգային անվտանգության և հատուկ ծառայությունների բաժին կա, այդտեղ: Ես ավարտել եմ նույն ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը:

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *