Ըստ ամերիկական Orbital Insights հետազոտական ընկերության զեկույցի՝ ռուսական ռազմարդյունաբերողներից «Ուրալվագոնզավոդ», «Սալյուտ» և «Հիդրոմաշ» ընկերությունները նոր կորոնավիրուսի պատճառով կրճատել են իրենց աշխատակիցներին։
Հետազոտական ընկերության զեկույցը տեղադրված է Defense One կայքում։
Orbital Insights-ը իր հետազոտությունը հիմնավորում է հեռախոսազանգերի ակտիվության նվազման և բաց աղբյուրներից ստացած այլ տեղեկությունների հիման վրա։ Ըստ դրանց «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը կրճատել է 3500 աշխատակցի, իսկ «Սալյուտ» և «Հիդրոմաշ» ընկերությունները՝ 2000-ական։
«Ուրալվագոնզավոդը» զբաղվում է զրահատեխնիկայի արտադրությամբ, «Սալյուտ» ընկերությունն արտադրում է ավիացիոն շարժիչներ, իսկ «Հիդրոմաշը» շասսիի պահեստամասեր ու հիդրավլիկ համակարգեր է արտադրում։
Հարկ է նշել, որ Ռուսաստանում մեքենայաշինական միությունը (Союзмаш, արդյունաբերող, այդ թվում՝ ռազմարդյունաբերող ընկերությունների միություն է) դիմել է երկրի ղեկավարությանը՝ խնդրելով նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները հաշվի առնել և օժանդակել գործարաններին։
Մասնավորապես ռազմարդյունաբերող ընկերությունների համար միությունն առաջարկել է պետպատվերների ժամկետները երկարացնել ամենաքիչը 3 տարի և տրամադրել լրացուցիչ միջոցներ գործարաններին։
Միության առաջարկը ստորագրել են մոտ 150 ընկերության ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ալմազ-Անտեյ», «Ռոսկոսմոս», «Ռոսատոմ», «Ռոստեխ» ընկերությունները։