Սպաների և պայմանագրայինների ընտանիքների բժշկական ապահովագրության պայմանները ընդլայնվում են

ՀՀ կառավարության որոշմամբ՝ պայմանագրային և սպայական կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները* ևս կիրականացվեն ամբողջությամբ պետության հաշվին։

Խոսքը վերաբերում է հետևյալ ծառայություններին․

  • գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ՝ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը)
  • կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ
  • շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ
  • էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ
  • սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա
  • աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ
  • կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա
  • սրտի կաթետերային աբլացիա
  • խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում
  • սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ՝ ֆիլտրի արժեքը)
  • արթրոսկոպիկ վիրահատություններ
  • բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում (այդ թվում՝ հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքը)
  • շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով
  • քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ
  • սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա ժէ. աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

Զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում․

  1. 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.
  2. ծնողները, ամուսինը.
  3. զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում::

Բացի այդ, որոշվել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով չարորակ հիվանդությունների ճառագայթային բուժումը իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային* սկզբունքի կիրառմամբ:

Համավճարը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գների և բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի տարբերությունն է, որը վճարվում է հիվանդի կողմից:

«Վերջին երկու տարիներին մեր բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։ Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել։ Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»,- կառավարության նիստի ընթացքում ասել է Արսեն Թորոսյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *