Ղազախստանում ՄիԳ-31 է կործանվել (տեսանյութ)

Ղազախստանում մարտական հերթապահության պատրաստվելու պլանային թռիչքի ժամանակ կործանվել է ՄիԳ-31 կործանիչ։ Օդ բարձրանալուց հետո հրդեհ է բռնկվել շարժիչներից մեկում։

Այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ կայքը։ Կատապուլտի հրաման ստանալուց հետո օդաչուները ինքնաթիռն ուղղորդել են դեպի դաշտը՝ հեռու բնակելի վայրերից, և կատարել կատապուլտ։

Համացանցում հրապարակվել են ավիավթարի կադրերը։

Ըստ բաց աղբյուրների՝ Ղազախստանը իր ավիապարկում ունի շուրջ 30 միավոր ՄիԳ-31 կործանիչ։

ՄիԳ-31 ինքնաթիռը ստեղծվել է 1970-ականների կեսին։ Այն տրամադրվել է ԽՍՀՄ ՌՕՈւ-ին 1981-ին։ 1994-ին կործանիչների սերիական արտադրությունը կասեցվել է։

ՄիԳ-31-ը երկտեղանոց գերձայնային որսացող կործանիչ է։ Զարգացնում է մինչև 3000 կմ/ժ արագություն, մարտական ազդեցության շառավիղը 720 կմ է։ Ունակ է թիրախներ հայտնաբերել մինչև 280 կմ-ի վրա, զինված է 23 մմ տրամաչափի հրանոթով։

Այս կործանիչը նախատեսված է փոքր, միջին և մեծ թիրախների ոչնչացման համար։ Կարողանում է աշխատել կեղծ թիրախների և հակառակորդի ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ռադիոխանգարումների պայմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *