ԼՂ-ի «Եղնիկներ» զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Թովմասյանը, ով դեկտեմբերի 14-ին շղթայով հարվածել էր զինծառայող Նարեկ Ավետիսյանին՝ զրկելով նրան մեկ աչքից, այսօր ձերբակալվել է: Անցնող շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ: Իսկ «Հայ ասպետ»-ները բանակ են ճանապարհել իրենց առաջին զինվորին:
- Նարեկ Ավետիսյանին հաշմանդամության հասցնելու մեջ կասկածվող ենթասպա Արմեն Թովմասյանը՝ ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով, 16.12.2011թ. ժամը 20:00-ին ձերբակալվել է: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օահնյանն անդրադառնալով դեպքին՝ ասել էր. «Հանցանքը կատարողին խստորեն պատժելու ենք»: Թեման նաև՝ azatutyun.am, panarmenian.net լրատվական կայքերում:
- Անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ: Թեման՝ panarmenian.net, news.am, panorama.am լրատվական կայքերում:
- «Հայ ասպետ» նախագծի մասնակիցները մեծ շուքով իրենց առաջին սանին են ճանապարհել բանակ: «Մենք մոռանում ենք, որ ամեն ինչ սկսվում է դպրոցից, մանկապարտեզից, և զինվորին պետք է պատրաստենք դեռ մանկուց, որի արդյունում, համոզված եմ, որ արդյունքը կլինի շատ ավելի լավ, քան մենք այսօր ունենք»,- ասել է «Հայ ասպետ» նախագծի հեղինակ-վարող Կարինե Տոնոյանը:
Տարածաշրջանային լուրերից.
- Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ հաջորդ տարի Aerostar և Orbiter-2M ապրանքանիշի 60 անօդաչու թռչող սարք կարտադրի։ Հիշեցնենք, որ Հայաստանն այդ ասպարեզում արդեն իսկ հաջողությունն ունի և սեփական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերի խմբաքանակն առաջին անգամ աշխարհին ներկայացրեց ՀՀ անկախության 20-ամյակի զորահանդեսին: Թեման՝ tert.am, panarmenian.net կայքերում:
- Իսկ ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանում ընկած՝ իրենց պատկանող ԱԹՍ-ն ընկնելիս քանդվել է և փոքր-ինչ «զարմացած» են դրա ամբողջական ցուցադրումից:
- ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է, որպեսզի Օբաման սերտ ռազմական համագործակցություն հաստատի Վրաստանի հետ, քանի որ «Վրաստանին ամերիկյան զենքն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»: Կոնգրեսի Ստորին պալատից հանրապետական Մայքլ Թերներն էլ հարցադրմամբ է հանդես եկել. «Ինչպես կարելի է չվաճառել պաշտպանական զենք մի երկրին, որի զինվորները Աֆղանստանում մեջք մեջքի մարտնչում են ամերիկացիների հետ»:
- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էլ խորհրդարանին խնդրում է թույլատրել եւս մեկ վրացական հետեւակային գումարտակ ուղարկել Աֆղանստան, որտեղ արդեն իսկ գտնվում է վրաստանցի 924 զինվոր և սպա: Նշենք, որ Աֆղանստանի առաքելության սկզբում վրացի տասը զինծառայողներ են զոհվել:
Pingback: Ադրբեջանը մասնակցել է Քուվեյթի ռազմական ցուցահանդեսին | Ռազմ.info